Աղբիւր՝ www.asbarez.com

 

Գլենդելի քաղխորհրդի անդամները, քաղաքապետ Զարեհ Սինանեանի գլխաւորութեամբ, միաձայն ընդունեցին հռչակագիր՝ Ապրիլը յայտարարելով «Հայոց Ցեղասպանութեան յիշատակման ամիս», համայնքին հրաւիրելով մասնակցելու Ցեղասպանութեան մասին իրազեկող մի շարք ձեռնարկների, որոնք տեղի կ'ունենան նաեւ «Յիշողութեան Շաբաթուայ շրջանակներում: Մարտի 10ին կայացած քաղխորհրդի նիստում, Սինանեանն ընթերցեց հռչակագիրը, որտեղ նաեւ ասւում է՝

«Քանի որ, Գլենդելը Միացեալ Նահանգներում ամերիկահայերի ամենամեծ համայնքը ներկայացնող քաղաքն է եւ՝ Հայաստանից դուրս հայ ժողովրդի համար հայկական մշակութային կենտրոններից: Քանի որ հայ համայնքը մեծապէս մասնակցել է քաղաքի զարգացմանը եւ զգալի ներդրում ունեցել մասնագիտական տարբեր ոլորտներում: Քանի որ, Գլենդելի հայկական ծագում ունեցող բնակիչներից շատերը կորցրել են ընտանիքի շատ անդամների, իրենց կարողութիւնն ու ժառանգութիւնը 1915-1923թթ.ի Հայոց Ցեղասպանութեան ժամանակ, եւ շուրջ 1.5 միլիոն հայեր կոտորուել եւ տեղահանուել են իրենց հայրենի հողից, իսկ վերապրածները հեռացել են: Քանի որ, Թուրքիայի Հանրապետութիւնը, որ Օսմանեան կայսրութեան հետեւորդն է, իրականացնում է Ցեղասպանութեան հերքման ակտիւ արշաւ՝ մերժելով մարդկութեան դէմ իրականացրած սոսկալի յանցագործութիւնն ու փորձում է ջնջել այդ մասին յիշողութիւնն իրենց պատմութիւնից: Քանի որ, 2015թ.ը նշանաւորում է Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակը եւ տարելից է նրանց համար, ովքեր թէեւ փրկուելով, պէտք է կրէին իրենց սիրելիների կորուստը Սիրիայի անապատներում, Արեւմտեան Հայաստանում հայկական անհաշիւ քաղաքներում ու գիւղերում:

Մենք գնահատում ենք համայնքի կամաւորների ջանքերը՝ կազմակերպելու «Յիշողութեան շաբա»չ, որի ընթացքում տարբեր ձեռնարկների միջոցով յիշատակելու եւ ճանաչելու ենք Ապրիլի 24ը որպէս Հայոց Ցեղասպանութեան օր: Մենք յորդորում ենք Վաշինգտոնում մեր ներկայացուցիչներին եւ ընտրուած պաշտօնեաներին եւս հետեւել մեր օրինակին», նշուած է բանաձեւում:

Քաղխորհրդի անդամներն իրենց խօսքում, նշեցին, որ Թուրքիան վաղ թէ ուշ պիտի ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, միաժամանակ ողջունեցին հայ համայնքի ջանքերը՝ Ցեղասպանութեան ու դրա հետեւանքների մասին Գլենդելի բոլոր բնակիչներին կրթելու հարցում:

Հռչակագրի եւ համապատասխան բանաձեւի ընդունման համար, քաղխորհրդին իրենց երախտագիտութիւնը յայտնեցին Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի ոգեկոչման յանձնախմբի համանախագահներ Կարօ Ղազարեանն ու Թալին Եակուբեանը:

Հայ Դատի Արեւմտեան շրջանի գրասենեակի տնօրէն Էլէն Ասատրեանը եւս շնորհակալութիւն յայտնեց քաղխորհրդին եւ ընգծեց հանգամանքը, որ Գլենդելը Ա.Մ.Ն.-ում միակ քաղաքն է, որ «Յիշատակի շաբաթ» է անցկացնում՝ իրազեկելով քաղաքացիներին Հայոց Ցեղասպանութեան ժամանակ տեղի ունեցած ոճարգործութիւնների մասին: Ասատրեանը նաեւ ներկայացրեց Հայ Դատի յանձնախմբի՝ «Շնորհակալութիւն Ամերիկա» նախաձեռնութիւնը, որ լուսարձակի տակ է առել Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյց մարդասիրական կազմակերպութեան գործունէութիւնը հայերի համար Ցեղասպանութեան տարիներին: Նա նշեց, որ ամերիկացիների մեծահոգութեան մասին փաստերը նաեւ Ամերիկայի պատմութեան հպարտ էջերից են, եւ առաջարկեց դիտել այդ մասին ամերիկեան արխիւներից վերցուած փաստերի հիման վրայ նկարահանուած տեսանիւթ:

Հայ Դատի յանձնախմբի Գլենդելի մասնաճիւղի հանրային կապերի համակարգող Տիգրանա Զաքարեանն էլ ընդգծեց հանգամանքը, որ առաջին անգամ Գլենդելի քաղխորհրդի բանաձեւում կոչ է արւում նաեւ Ա.Մ.Ն.-ի նախագահին ու Կոնգրեսի անդամներին ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ