Աղբիւր՝ www.tert.am

 

Ստամբուլի Բողազիչի համալսարանի ուսանողները ներխուժել են Աթաթուրքի գաղափարների ակումբի կողմից կազմակերպուած Հայոց ցեղասպանութիւնը ժխտող միջոցառման սրահ եւ ակցիայ են կազմակերպել դրա դէմ:

Ինչպէս տեղեկացնում է թուրքական Etha գործակալութիւնը, Ազգերի ժողովրդավարութեան կոնգրէսի կոչով հաւաքուած ուսանողներն ակցիայ են իրականացրել «Տեղահանութեան 100-ամեակը» խորագրով միջոցառման ընթացքում:

Միջոցառման սրահ ներխուժած ուսանողները մամուլի համար յայտարարութեամբ են հանդէս եկել:

Նրանք նշել են, որ Մալաթիայի, Կեսարիայի, Մարդինի եւ Հաթայի նման շատ նահանգներում վերջին անգամ 100 տարի առաջ է Սուրբ Ծնունդ նշուել, ապա մէջբերել են նշանաւոր լրագրող Հրանտ Դինքի խօսքերը՝ «4000 տարի առաջ այդ հողերում ապրած ազգն այլեւս չկայ»:

Յայտարարութիւնը տարածած համալսարանականները նշել են, որ 1900-ականների սկզբից մինչեւ Հրանտ Դինքի սպանութիւն, 1915-ից մինչեւ Սամաթիայում սպանուած կանայք գիտակցուած ցեղասպանութիւնը շարունակուել է:

Յայտարարութիւնից յետոյ ուսանողները լքել են դահլիճը՝ «Ոչ թէ տեղահանութիւն, այլ ցեղասպանութիւն», «Առերեսուէ՛ք Հրանտի հետ, Ցեղասպանութեանը» կարգախօսները հնչեցնելուց յետոյ:

Նրանք նաեւ շէնքում նման գրութեամբ պաստառ են փակցրել: