Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

«Եւրոպական ժողովրդական կուսակցութեան» Քաղաքական համաժողովն այսօր Բրիւսելում ընդունել է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած բանաձեւ, որով Թուրքիային կոչ է անում ճանաչել եւ դատապարտել Օսմանեան կայսրութեան գործած՝ Հայոց ցեղասպանութիւնը եւ ապահովել դրա նիւթական, բարոյական հատուցումը:

Բերւում է Գերմանիայի օրինակը՝ Հրէաների ողջակիզման հարցում: Իսկ Եւրոպական Միութեանը, Եվրայանձնաժողովին եւ Եւրախորհրդարանին, ինչպէս նաեւ ողջ միջազգային հանրութեանը բանաձեւի հեղինակները յորդորում են զօրավիգ լինել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին, եւ ապրիլի 24-ն ամէն տարի պաշտօնապէս հռչակել որպէս Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի եւ մարդու կողմից մարդու հանդէպ ոճրագործութիւնները դատապարտելու օր:

«Լիայոյս ենք, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը Թուրքիայի կողմից՝ պատմական նոր էջ կը բացի հայ եւ թուրք ժողովուրդների հաշտութեան համար»,-ասուած է բանաձեւում:

Եւրոպական ժողովրդական կուսակցութեան Քաղաքական Համաժողովի բանաձեւ (ընդունուած է 03.03.2015, Բրիւսել, Բելգիայի Թագաւորութիւն)

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԷՔՆԵՐԸ

Եւրոպական ժողովրդական կուսակցութիւնը վերահաստատում է Հայոց ցեղասպանութեան եւ հայ ժողովրդի բռնի տեղահանման փաստը, դատապարտում է այն ցեղասպանութեան հարիւրամեակի նախօրէին` ապրիլի 24, 2015:

1. Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի հանդէպ ցեղասպանութեան գործողութիւնները, որոնք ծրագրուել եւ մշտապէս չարակամօրէն իրականացուել են Օսմանեան կայսրութեան եւ Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թթ: Դրանք են հայրենազրկումը, ոճրագործութիւնները եւ էթնիկ գործօնով պայմանաւորուած բնաջնջումները, որոնք ուղղուած էին հայկական բնակչութեան եւ նրա մշակութային ժառանգութեան ոչնչացմանը, ինչպէս նաեւ ցեղասպանութեան ժխտումը, պատասխանատուութիւնից խուսափելու եւ իրականացուած ոճրագործութիւնները մոռացութեան մատնելու կամ արդարացնելու փորձերը` որակելով դրանք որպէս շարունակական յանցագործութիւն եւ նոր ցեղասպանութիւններ խրախուսելու միտում:

2. Մենք յարգանքի տուրք ենք մատուցում 1915 թուականի հայոց ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն անմեղ զոհերի յիշատակին եւ երախտագիտութեամբ խոնարհւում ենք նահատակուած, ինչպէս նաեւ փրկուած հերոսների առջեւ, ովքեր պայքարել են կեանքի եւ մարդկային արժանապատուութեան պահպանման համար: Աւելին, մենք ընդունում ենք, որ ցեղասպանութեան հետ եւ անքով բնաջնջման եւ բռնի տեղահանման են ենթարկուել ոչ միայն հայերը, այլ նաեւ Պոնտոսի յոյները եւ ասորիները: Մենք յարգում ենք նաեւ նրանց յիշատակը:

3. Մենք միանում եւ մեծապէս աջակցում ենք հայ ժողովրդի միջազգային պայքարին, որը տարւում է ցեղասպանութիւնների կանխման, ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդների իրաւունքների վերականգնման, ամրագրման եւ պատմական արդարութեան հաստատման համար:

4. Կոչ ենք անում Թուրքիային` հետեւել յետպատերազմեան Գերմանիայի կողմից ցուցաբերած բացառիկ շիտակութեան ու նախաձեռնողականութեան օրինակին, պատմութիւնը ընդունելու եւ հայկական ցեղասպանութան եւ դրան հետեւող ունեզրկման ներկայիս իրականութիւնը ճանաչելու, ինչպէս նաեւ, նիւթական եւ բարոյական հատուցումը ապահովելու գործում` իրականացնելով եւրոպական երկրին վայել քաղաքականութիւն, որը ներառում է պատմական հողերի վերադարձը հայ բնակչութեանը, հայ ընտանիքների վերամիաւորումն իրենց ազգային օջախներին եւ դրանից բխող ճշմարտութեան միջոցով հաշտութեան հասնելու հրամայականի իրագործմանը:

5. Դիմում ենք Թուրքիայի կառավարութեանը իր ստանձնած օրէնսդրական պարտաւորութիւնները յարգելու եւ կեանքի կոչելու պնդումով, ներառեալ այն դրոյթները, որոնք վերաբերւում են հայկական մշակութային ժառանգութեան պահպանմանը:

Մասնաւորապէս, այդ համատեքստում կարեւորւում է անցեալ դարում բնաջնջման կամ ոչնչացման ենթարկուած հայկական եւ այլ մշակութային ժառանգութիւնների մանրամասն ցուցակագրումը, հնագոյն մեծ քաղաքների, եկեղեցիների, դպրոցների, գերեզմանոցների եւ Արեւմտեան Հայաստանում տեղակայուած այլ պատմամշակութային արժէքների վերականգնման ռազմավարութեան զարգացման հեռահար նպատակով` դարձնելով վերոյիշեալ հաստատութիւններից շատերը գործող մշակութային եւ կրօնական կենտրոններ:

6. Մենք կոչ ենք անում ԵՄ, Եւրոպայի խորհրդի անդամ երկրներին, միջազգային կազմակերպութիւններին, բարի կամքի տէր բոլոր մարդկանց` անկախ իրենց ազգային եւ կրօնական պատկանելիութիւնից, միաւորել ջանքերը պատմական արդարութիւնը վերկանգնելու եւ հայկական ցեղասպանութեան անմեղ զոհերին յարգանքի արժանի տուրք մատուցելու գործում:

7. Հաշուի առնելով վերոյիշեալ դրոյթները` Ե.Ժ.Կ.-ն կոչ է անում Թուրքիային ձեռնարկել իր ստանձնած միջազգային պարտաւորութիւնների եւ իր որդեգրած եւրոպական չափանիշներին համապատասխան միջոցառումներ.

• Ճանաչել եւ դատապարտել Օսմանեան կայսրութեան կողմից կատարուած հայկական ցեղասպանութիւնը` սթափ գնահատելով սեփական պատմութիւնը եւ յիշողութիւնը՝ յարգանքի տուրք մատուցելով մարդկութեան դէմ կատարուած այլ զազրելի ոճրագործութիւնների զոհերի յիշատակին:

• Ձեւաւորել իրապէս եւրոպական Թուրքիային համապաստախանող տեսլական, ինչպէս նաեւ, գործողութիւնների ծրագիր, որն իր մէջ ներառում է խօսքի ազատութեանը եւ հայկական ցեղասպանութեանը վերաբերող հարցերի ազատ բարձրաձայնումը պետական հասարակական եւ կրթական հասատատութիւնների մակարդակով, ինչպէս նաեւ կրօնական եւ մշակութային յուշարձանների վերականգնումը եւ դրանց յանձնումը հայակական եւ այլ համայնքներին:

• Ձեռնարկել երկար սպասուած հայկական ազգային ժառանգութեան ճանաչումը, որը հիմնուած կը լինի հայ-թուրքական յարաբերութիւնների լիակատար կարգաւորման, խարսխուած պատմութեան ընդունման, կնճռոտ հարցերի խաղաղ կարգաւորման եւ հայ- թուրքական յարաբերութիւնների լիակատար եւրոպականացման վրայ:

8. Կոչ ենք անում Եւրոպական Միութեանը, ԵՄ Յանձնաժողովին, Խորհդրին եւ Խորհրդարանին, ինչպէս նաեւ ողջ միջազգային հանրութեանը` ի գնահատումն Թուրքիայի ստանձնած պարտաւորութիւններին` կենտրոնացնել ուշադրութիւնը ճանաչման եւ մեր ընդհանուր ժառանգութեան վերականգնման եւ վերահաստատման վրայ, ընդսմին, առաջադրուած, այնուհետ եւ նշուող ապրիլի 24-ը հայկական զոհերի յիշատակի պաշտօնական օր ընդունելու, հայկական ցեղասպանութիւնը եւ մարդու կողմից մարդու հանդէպ կատարուող ոճրագործութիւնները դատապարտելու համար:

9. Լիայոյս ենք, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը նոր էջ կը բացի հայ եւ թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացում: