Աղբիւր՝ www.mindiaspora.am
Յարգելի՛ հայրենակիցներ.
Մարդկային Իրաւունքների Եւրոպական Դատարանը ս.թ. դեկտեմբերի 17-ին բաւարարել է թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեկի հայցն ընդդէմ Շւեյցարիայի, որին շւեյցարական դատարանը պատժել էր Հայոց Ցեղասպանութեան փաստը ժխտելու եւ «Ցեղասպանութիւնը միջազգային սուտ է» յայտարարութիւնն անելու համար: Այս անգամ եւս կեանքը ցոյց տւեց, որ շատ հաճախ գործում են երկակի ստանդարտներ, եւ տնտեսական շահերը երբեմն վեր են դասւում մարդկային իրաւունքներից, որն, իհարկէ, անընդունելի պէտք է լինի 21-րդ դարում ապրող հասարակութիւնների համար:
Թուրք գործչի հայցը Եւրադատարանում միաձայն չի ընդունւել. այն մի քանի դատաւորների որոշման արդիւնք է։ Իհարկէ, թուրքական լոբբին մեծ ջանքներ է գործադրել: Եկել է այն պահը, որ մենք՝ հայերս, տանք աւելի ուժգին հակահարւած, որպէսզի այլ քաղաքական եւ պետական կառոյցներ չմատնանշեն Եւրադատարանի այս որոշումը:
Մարդու Իրաւունքների Եւրոպական Դատարանի կայացրած այս որոշումը վերջնական չէ, եւ երեք ամսւայ ընթացքում Շւեյցարիայի ղեկավարութիւնն իրաւունք ունի բողոքարկելու այն: Հայկական կողմը, ի դէմս սփիւռքեան մեր կառոյցների, անհատների, պէտք է լրջօրէն օգնի Շւեյցարիային: Բացի այդ, պէտք է կազմակերպել բողոքի ակցիաներ եւրոպական երկրների համապատասխան մարմինների առջեւ (խորհրդարան, կառավարութիւն եւ այլն)՝ պահանջելով, որ այդ երկրներն իրենց հերթին ուշադրութեան կենտրոնում պահեն նշւած հարցը եւ թոյլ չտան, որ եւս մէկ անգամ ոտնահարւի հայերի արժանապատւութիւնը, խեղաթիւրւի իրականութիւնը, եւ ճանապարհ բացւի նոր ցեղասպանութիւնների համար: Մարդկային Իրաւունքների Եւրոպական Դատարանը կայացրել է ոչ իրաւական, այլ քաղաքական դատավճիռ:
Իւրաքանչիւր հայ պէտք է բողոքի նամակ հղի Եւրադատարան, պահանջի արդարութիւն, պահանջի, որ դատարանը չվաճառի իր խիղճը. այն չի կարող ուրանալ Ցեղասպանութիւնը:
Եւրադատարանի այս էլ. հղումը (http://appform.echr.coe.int/echrrequest/request.aspx?lang=gb) օգտագործելով՝ կարող էք Ձեր հաղորդագրութիւններն ու բողոքներն ուղղել դատարանին:
Այս կապակցութեամբ դիմում եմ սփիւռքեան բոլոր կառոյցներին եւ հորդորում, որպէսզի բոլորս համախմբւենք եւ միասնական ճակատով նպաստենք, որ այս վճիռը բեկանւի, եւ արդարութիւնը վերահաստատւի:
Հղէ՛ք եւ լսելի՛ դարձրէք Ձեր բողոքի ձայնը յանուն արդարութեան, յանուն Հայ Դատի, յանուն մարդու իրաւունքների եւ յանուն նրա, որ աշխարհի ոչ մի անկիւնում այլեւս չկրկնւի ցեղասպանութիւն:
ՀՀ Սփիւռքի նախարար՝
Հրանուշ Յակոբեան