Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Սիսի պատմական Կաթողիկոսարանի պահանջի վերաբերեալ Թուրքիայի դէմ ներկայացուելիք դատական հայցի մանրամասներն են քննարկուել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասի մայրավանքում՝ Ազգային կենտրոնական վարչութեան կրօնական ու քաղաքական ժողովում։

Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը յայտարարել է, որ առաջիկայ երկու շաբաթների ընթացքում Սիսի կաթողիկոսարանի հարցով հայց կը ներկայացուի թուրքական դատարան, եւ որ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած ծրագրերի շարքում այս դատը եզակի դեր է ունենալու։

«Վերջին երեք տարիներին հարցի վերաբերեալ մի շարք հանդիպումներ եմ ունեցել միջազգային իրաւունքի մասնագէտների հետ»,- ասել է Կաթողիկոսը՝ յիշեցնելով, որ Սիսի հայոց կաթողիկոսարանի վերադարձը պահանջելու եւ Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելու մտադրութեան մասին նա յայտարարել է «Հայաստան-Սփիւռք» համահայկական 5-րդ համաժողովի բացմանը: