Աղբիւր՝ www.yerkir.am

 

Իտալիայի Սենատը փետրուարի 11-ին 234 կողմ, 8 ձեռնպահ եւ 3 դէմ ձայներով ընդունել է Հոլոքոստի եւ ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնող օրինագիծը: Այն պատիժ է սահմանում Հոլոքոստը, մարդկութեան դէմ իրագործուած յանցագործութիւնները, պատերազմի ոճիրները ժխտողների նկատմամբ:

Այս մասին հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով Il Sole 24 Ore-ը եւ Սենատի պաշտօնական կայքը: Օրինագծի` բոլոր ատեաններում ընդունման դէպքում երեք տարուայ ազատազրկում է սպառնում անձանց, ովքեր «մասամբ կամ ամբողջութեամբ կը ժխտեն Հոլոքոստը, կը հրահրեն կամ կը կատարեն ռասայական խտրականութեան վրայ հիմնուած արարքներ»:

Օրինագիծը դեռ պէտք է հաւանութեան արժանանայ Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից: Սենատորները քուէարկութեան ժամանակ յստակ ընդգծել են` օրինագծի ընդունումը չի խաթարում խօսքի ու ազատ արտայայտուելու իրաւունքը: Օրինագծի ջատագով Ջուզեպէ Լումիան, ով արդարադատութեան յանձնաժողովի անդամ է, նշել է, որ օրինագծի ընդունումը բեկումնային է Իտալիայի համար: «Հոլոքոստի եւ ցեղասպանութիւնների ժխտումը կպատժուի ինչպէս շատ երկրներում»,- ասել է Լումիան:

Ֆրանսիան եւ Գերմանիան եւրոպական այն երկրների թւում են, որոնք քրէականացրել են Հոլոքոստի ժխտումը: Ֆրանսիայում օրինագիծ է շրջանառւում, որը պատիժ կսահմանի նաեւ Հայոց ցեղասպանութիւնը ժխտողների նկատմամբ:

Իտալիայի պատգամաւորների պալատը Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող որոշում է ընդունել 2000թ. նոյեմբերի 16-ին: