Աղբիւր՝ www.yerakouyn.com
Յառաջիկայ ամիսներում Ֆրանսիայի կառավարութիւնը Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող նոր օրինագիծ կը ներկայացնի օրէնսդիրներին: Այս մասին հաղորդում է «Ազատութիւն» ռատիոկայանը՝ վկայակոչելով ֆրանսական Le Monde պարբերականը:
Օրինագծի մասին պաշտօնապէս կը յայտարարւի չորս ամիս անց` նախագահ Ֆրանսուա Օլանտի հայաստանեան այցի ընթացքում: Պարբերականը նշել է, որ նման ժամանակացոյցը թոյլ կը տայ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին ընդառաջ հաստատելու օրինագիծը: Դիւանագիտական նկատառումներով որեւէ պաշտօնական յայտարարութիւն այդ առիթով չի լինելու մինչեւ յաջորդ տարւայ յունւարի վերջը, երբ Ֆրանսայի նախագահը կայցելի Թուրքիա:
Նշենք, որ 2011-ի դեկտեմբերի 22-ին ցեղասպանութիւնների, ներառեալ` Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծն ընդունւել էր Ֆրանսայի Ազգային Ժողովի կողմից: Հեղինակը պատգամաւոր Վալերի Բուայէն էր: 2012-ի յունւարի 23-ին Ֆրանսայի Ծերակոյտը կողմ էր քւէարկել դրան. 213 ծերակուտականներից 127-ը «կողմ» էր քւէարկել, 86-ը` «դէմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում էր մէկ տարւայ ազատազրկում եւ 45.000 եւրօ տուգանք:
Աւելի ուշ` 2012-ի փետրւարի 23-ին, Ֆրանսիայի Սահմանադրական Խորհուրդը օրինագիծը համարել էր ոչ-սահմանադրական:
2013-ի փետրւարին պատգամաւորը երկրորդ անգամ Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացրել Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող նոր օրինագիծ: Մայիսին մասնակցելով Եւրոխորհրդարանի «Հայոց Ցեղասպանութիւնը. ազգերի հաշտութեան կամուրջ»-ը թեմայով գիտաժողովին, Բուայէն նշել էր, որ Ֆրանսիան պարտաւոր է բարձրաձայնելու մարդու իրաւունքների պաշտպանութեան ու հիմնական ազատութեան մասին համաձայնագրի պահպանումը: