Աղբիւր՝ www.tert.am

 

Թուրքական արխիւների` վերջերս հրապարակած փաստաթղթերը Թալէաթ փաշայի անձնական թղթերի հետ միասին ապացուցում են, որ նա իսկապէս Հայոց ցեղասպանութեան «ճարտարապետն» էր:

Ըստ արձանագրութիւնների՝ նա էր հրամայել իրականացնել 1915-16 թթ. Օսմանեան կայսրութիւնում հայերի տեղահանումը եւ ուշադիր հետեւել է դրա իրականացմանը: Թալէաթին զեկուցում էին տեղահանման տարբեր փուլերի, ինչպէս նաեւ յատուկ վերաբերմունքի արժանացածների ճակատագրերի մասին, գրում է armeniangenocide100.org-ը:

Չնայած Օսմանեան կայսրութեանը վերաբերող նիւթերի մեծ մասը դեռ թուրքական արխիւում է, արդէն հասանելի արձանագրութիւնները ցոյց են տալիս, որ օսմանեան տեղահանութիւններն ընդամենը շղարշում էին հայերի ոչնչացումը:

Մասնաւորապէս` պարզ է դառնում, որ այսպէս կոչուած` հայերի վերաբնակեցման գօտում 100,000-ից քիչ հայ էր ողջ մնացել: Ըստ Հայոց ցեղասպանութեան մասին Թալէաթի զեկոյցի՝ Օսմանեան կայսրութիւնում հայերի մեծ մասն անհետացել էր 1915-1917 թթ., կամ էլ ձուլուել ու ցրուել Օսմանեան տարբեր շրջանները:

Թալէաթ փաշայի՝ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ զեկոյցն ունեցածներից առաւել պաշտօնական տեսակէտն է: Զեկոյցն, անկասկած, պատրաստուել էր Թալէաթ փաշայի անձնական օգտագործման համար: Այն երբեք չէր հրապարակուելու եւ, հաւանաբար, մինչեւ այժմ գոյութիւն ունի, քանի որ Թալէաթը սպանուեց 1921 թուականին, իսկ նրա այրին զեկոյցը փոխանցեց մի թուրք պատմաբանի, որն էլ այն տպագրեց: Թէկուզ առ այսօր թուրքական արխիւը ոչ մի նման արձանագրութիւն չի հրապարակել, 1917 թ. զեկոյցում ներկայացուած տուեալները կարելի է ստուգել հասանելի Օսմանեան նիւթերով, եւ այն ենթակայ է ուսումնասիրութեան:

Ըստ Թալէաթի տուեալների՝ միայն 1915-1917 թթ. Օսմանեան կայսրութիւնում 1,150,000 հայ է անհետացել՝ ներառեալ այն 100,000 հայերը, որոնք 1915-ին փախան կայսրութիւնից: Բայց այս հաշուից դուրս են մնացել տասնեակ հազարաւոր հայ կանայք եւ երեխաներ, որոնք ձուլման նպատակով տեղաւորուել են մուսուլման ընտանիքներում եւ պետական որբանոցներում:

Թալէաթ փաշայի զեկոյցի հրապարակման մէջ պատմաբան Արա Սարաֆեանը դիտարկում է 1917 թ. զեկոյցն այլ Օսմանեան զեկոյցների համատեքստում: Նա մանրամասն ներկայացնում է Թալէաթի վիճակագրութիւնը եւ ներառում է զեկոյցի պարունակութիւնը նկարագրող 2 անգնահատելի գունաւոր քարտէզ, ինչպէս նաեւ Հայոց ցեղասպանութեանը վերաբերող լրացուցիչ Օսմանեան փաստաթղթեր: Սարաֆեանը ներկայացնում է հայերի թուաքանակին վերաբերող Թալէաթի բացթողումը, նրանց հարազատ շրջանները եւ 1917 թ. Օսմանեան կայսրութիւնում նրանց գտնուելու վայրերը: