Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլիլ 23-ին տեղի է ունենալու Հայոց ցեղասպանութեան նահատակների սրբադասման արարողութիւնը: Հրաւիրուած են տարբեր եկեղեցիների պատուիրակութիւններ, նաեւ` Հռոմի Պապը: Սրբադասման յանձնախմբի աշխատանքների համակարգող Բագրատ եպիսկոպոս Գալստանեանն այսօր հանդիպել է լրագրողներին, ներկայացրել գործընթացի մանրամասները: "Պատմական եւ հոգեւոր մեծ իրադարձութիւն",- Մայր Աթոռի միաբանն այսպէս է բնորոշում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանութեան նահատակների սրբադասումը:
Հայ եկեղեցու կողմից սրբադասուած վերջին սուրբը Մովսէս Տաթեւացին է: Նրանից յետոյ 400 տարուայ ընդմիջում է: Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսների տնօրինութեամբ 2005 թուականին ձեւաւորուած յանձնախումբն ուսումնասիրել է այս կարգի վերականգնման հնարաւորութիւնը: Նախկինում էլ սրբադասման յստակ կարգ չի եղել, բայց յայտնի են անհրաժեշտ պայմանները:
"Նահատակութիւն հայրենիքի եւ հաւատքի համար: 2-րդ` սրբակենցաղ վարքն անհատի կամ հաւաքականութեան: 3-րդ` հրաշքի առկայութիւնը կենդանութեան օրօք կամ մահուան ժամանակ գերեզմանի վրայ: Եւ 4-րդ՝ հաւատքի, Աստծոյ խօսքի տարածում",- ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը։
Մշակուել է յատուկ ծիսական արարողակարգ, պատրաստուելու է շարական, սրբապատկեր, վկայաբանութիւն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն Բագրատ եպիսկոպոս Գալստանեանն ասում է` կատարուելու է հաւաքական սրբադասում, չեն նշուելու՝ ո՛չ անհատների անուններ, ո՛չ նահատակների 1 ու կէս միլիոն թիւը: Սրբադասումը հոգեւոր գործընթաց է եւ քաղաքական ենթատեքստ չունի՝ ասում է եպիսկոպոսը: Բայց քանի որ սրբադասումն ինքնին վկայում է Ցեղասպանութեան իրողութեան մասին, այլ երանգներ եւս ստանում է: "Ընդունում ենք, որ այս մարդիկ նահատակուել են, նշանակում է նրանք բնակուել են ինչ-որ տարածքում: Այդ տարածքը մեր երկիրն է, մեր սեփական հայրենիքը, հայրենազրկում է եղել նաեւ, որն ինքնին թելադրում է, որ այդ ճանապարհով ճանաչում ենք ցեղասպանութեան փաստը, եւ դա ենթադրում է նաեւ պահանջատիրութիւն",- ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը: Հոգեւորականն ասում է, որ սրբադասման 400 տարուայ ընդմիջումը չի նշանակում, թէ մեր եկեղեցին սրբեր չի ունեցել այդ ընթացքում: Այս հարցերով զբաղուող յանձնախումբը շարունակում է աշխատանքն արդէն անհատների սրբադասման ուղղութեամբ, որոնք նահատակուել են ոչ միայն Ցեղասպանութեան ժամանակ, այլեւ դրանից առաջ եւ յետոյ: