Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի նիստի աւարտից յետոյ նախագահ Սերժ Սարգսեանը յանձնաժողովի անդամների եւ ընդլայնուած նիստի մասնակիցների հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի յուշարձանին եւ յարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի յիշատակին: Պետական յանձնաժողովի անդամներն այնուհետեւ ծանօթացել են Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրութեան նախապատրաստման աշխատանքների ընթացքին:

Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում տեղի է ունեցել նաեւ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողութիւնը: Հռչակագիրն այսօր միաձայն ընդունուել է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի նիստում: Փաստաթուղթն ընթերցել է նախագահ Սերժ Սարգսեանը եւ ի կատարումն Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է յանձնել Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտին: Հանրապետութեան նախագահը նշել է, որ հռչակագրի մէկ օրինակը կ'ուղարկուի Միացեալ ազգերի կազմակերպութեան Գլխաւոր քարտուղարին, մէկ օրինակը կը յանձնուի Հայաստանի Հանրապետութեան ազգային արխիւ:

 
 
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովը, համախորհուրդ Սփիւռքում գործող տարածաշրջանային յանձնախմբերի հետ՝

- արտայայտելով հայ ժողովրդի միասնական կամքը,

- յենուելով 1990 թուականի օգոստոսի 23-ի՝ Հայաստանի անկախութեան մասին հռչակագրի եւ Հայաստանի հանրապետութեան Սահմանադրութեան վրայ,

- վկայակոչելով Մ.Ա.Կ.-ի 1948 թուականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագիրը, որի համաձայն «մարդկութեան ընտանիքի բոլոր անդամներին յատուկ արժանապատուութեան եւ հաւասար ու անօտարելի իրաւունքների ճանաչումն աշխարհի ազատութեան, արդարութեան եւ խաղաղութեան հիմքն է»,

- ղեկավարուելով Մ.Ա.Կ.-ի Գլխաւոր վեհաժողովի 1946 թուականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948 թուականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնուենցիայի, 1968 թուականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների նկատմամբ վաղեմութեան ժամկէտ չկիրառելու մասին» Մ.Ա.Կ.-ի կոնուենցիայի, ինչպէս նաեւ 1966 թուականի դեկտեմբերի 16-ի «Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին» միջազգային դաշնագրի եւ մարդու իրաւունքների վերաբերեալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրոյթներով,

- հաշուի առնելով, որ «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնուենցիան ընդունելիս Մ.Ա.Կ.-ը յատուկ կարեւորել է այդ յանցատեսակի դէմ պայքարում միջազգային համագործակցութիւնը,

- շեշտելով ցեղասպանութեան յանցակազմում պարունակուող արարքների համար անպատիժ մնալու անթոյլատրելիութիւնն ու այդ յանցագործութեան վաղեմութեան ժամկէտ չունենալու հանգամանքը,

- դատապարտելով 1894-1923 թուականներին Օսմանեան կայսրութեան եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրուած ու հայ ժողովրդի դէմ շարունակաբար իրականացուած ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայութեան ոչնչացմանն ուղղուած զանգուածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգութեան ոչնչացումը, ինչպէս նաեւ ցեղասպանութեան ժխտումը, պատասխանատուութիւնից խուսափելու, կատարուած յանցագործութիւններն ու դրանց հետեւանքները լռութեան մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպէս յանցագործութեան շարունակութիւն եւ նոր ցեղասպանութիւններ իրականացնելու քաջալերանք,

- համարելով նաեւ 1919-1921 թուականներին Օսմանեան ռազմական արտակարգ ատեանների կողմից «Իրաւական եւ մարդկային օրէնքների դէմ» այդ ծանր ոճրի ուղղութեամբ կայացուած դատավճիռները եղելութեան իրաւական գնահատական,

- արժեւորելով 1915 թուականին միջազգային հանրութեան կողմից Անտանտի պետութիւնների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դէմ իրականացուած ծանրագոյն յանցագործութիւնը պատմութեան մէջ առաջին անգամ որպէս «մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ իրականացուած յանցագործութիւն» որակումը եւ օսմանեան իշխանութիւններին պատասխանատուութեան կանչելու հանգամանքի շեշտադրումը, ինչպէս նաեւ 1920 թուականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտութեան պայմանագրի եւ 1920 թուականի նոյեմբերի 22-ի` Ա.Մ.Ն.-ի նախագահ Վուդրօ Վիլսոնի իրաւարար վճռի դերը եւ նշանակութիւնը Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում.

1. Ոգեկոչում է Հայոց ցեղասպանութեան մէկուկէս միլիոն անմեղ զոհերի յիշատակը եւ երախտագիտութեամբ խոնարհւում կեանքի ու մարդկային արժանապատուութեան համար պայքար մղած նահատակ եւ վերապրած հերոսների առջեւ:

2. Վերահաստատում է Հայաստանի եւ հայ ժողովրդի յանձնառութիւնը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանութիւնների կանխարգելման, ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդների իրաւունքների վերականգնման եւ պատմական արդարութեան հաստատման համար:

3. Շնորհակալութիւն է յայտնում այն պետութիւններին, միջազգային, կրօնական եւ հասարակական կազմակերպութիւններին, որոնք քաղաքական խիզախութիւն ունեցան ճանաչելու եւ դատապարտելու Հայոց ցեղասպանութիւնը՝ որպէս մարդկութեան դէմ ուղղուած սոսկալի ոճրագործութիւն, եւ այսօր էլ շարունակում են այդ ուղղութեամբ իրաւական քայլեր ձեռնարկել, նաեւ կանխել ժխտողականութեան վտանգաւոր դրսեւորումները:

4. Երախտագիտութիւն է յայտնում այն ազգերին, կառոյցներին եւ անհատներին, ովքեր յաճախ իրենց վտանգելով` մարդասիրական տարաբնոյթ օգնութիւն ցուցաբերեցին, փրկեցին լիակատար ոչնչացման վտանգի առջեւ կանգնած բազմաթիւ հայերի, ապահով եւ խաղաղ պայմաններ ստեղծեցին ցեղասպանութիւնից վերապրած հայութեան համար` մեծ թափ հաղորդելով որբախնամ գործունէութեանը եւ միջազգային հայասիրական շարժմանը:

5. Դիմում է Մ.Ա.Կ.-ի անդամ պետութիւններին, միջազգային կազմակերպութիւններին, բարի կամքի տէր բոլոր մարդկանց՝ անկախ ազգային եւ կրօնական պատկանելութիւնից, միաւորել իրենց ջանքերը պատմական արդարութիւնը վերականգնելու եւ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելու համար:

6. Արտայայտում է Հայաստանի եւ հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանութեան փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրաւական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային եւ համազգային իրաւունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:

7. Դատապարտում է Թուրքիայի Հանրապետութեան կողմից Հայաստանի Հանրապետութեան ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերուող հակահայկական կեցուածքը եւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպէս Հայոց ցեղասպանութեան, Մեծ Եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու հետեւանք:

8. Կոչ է անում Թուրքիայի Հանրապետութեանը՝ ճանաչել եւ դատապարտել Օսմանեան կայսրութեան կողմից իրականացուած Հայոց ցեղասպանութիւնը եւ մարդկութեան դէմ իրագործուած այդ սոսկալի ոճրի զոհերի յիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսուել սեփական պատմութեան ու յիշողութեան հետ՝ հրաժարուելով կեղծարարութեան, անհերքելի իրողութեան ժխտման եւ յարաբերականացման քաղաքականութիւնից:

Զօրակցում է Թուրքիայի քաղաքացիական հասարակութեան այն հատուածին, որի ներկայացուցիչներն այսօր արդէն համարձակութիւն են դրսեւորում այդ հարցում` ի հակադրութիւն իշխանութիւնների պաշտօնական դիրքորոշման:

9. Յոյս է յայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր մեկնակէտ կը դառնան հայ եւ թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացի համար:

10. Հպարտութեամբ է արձանագրում, որ ցեղասպանութիւնից վերապրած հայ ժողովուրդը վերջին հարիւրամեակի ընթացքում՝

- դրսեւորեց անկոտրում կամք ու ազգային ինքնագիտակցութիւն, վերականգնեց դարեր առաջ կորցրած ինքնիշխան պետականութիւնը,

- պահպանեց եւ զարգացրեց ազգային արժէքները, հասաւ ազգային մշակոյթի, գիտութեան եւ կրթութեան վերածննդի` ուրոյն ներդրում ունենալով համաշխարհային ժառանգութեան զարգացման գործում,

- ստեղծեց Հայկական Սփիւռքի հոգեւոր եւ աշխարհիկ կառոյցների հզօր եւ արդիւնաւէտ ցանց, ինչը նպաստեց աշխարհասփիւռ հայ համայնքներում հայապահպանութեան, հայի` յարգանք եւ համակրանք վայելող կերպարի կերտմանը, հայ ժողովրդի արդար իրաւունքների պաշտպանութեանը,

- համազգային գործակցութեան եւ հայրենադարձութեան ընդարձակ ծրագրով համախմբեց եւ վերստեղծեց ցեղասպանութեան հետեւանքով վերացման վտանգի առջեւ յայտնուած ազգային գենոֆոնդը,

- Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերում բերեց իր արժանի ներդրումը միջազգային անվտանգութեան եւ խաղաղութեան հաստատման գործում, փառաւոր յաղթանակներ տարաւ Սարդարապատի եւ Արցախեան հերոսամարտերում:

11. Դիտարկում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը որպէս կարեւոր հանգրուան պատմական արդարութեան համար մղուող պայքարը «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսով շարունակելու գործընթացում:

12. Կոչ է անում հայորդիների գալիք սերունդներին` հայրենասէր, գիտակից եւ ուսեալ կեցուածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգութեանը, աննահանջ պայքարով ծառայել յանուն`

- առաւել հզօր Հայրենիքի` ազատ եւ ժողովրդավար Հայաստանի Հանրապետութեան,

- անկախ Արցախի առաջընթացի ու զօրացման,

- աշխարհասփիւռ հայութեան գործուն համախմբման,

- համայն հայութեան դարաւոր նուիրական նպատակների իրականացման:

 
29 յունուարի 2015թ., ք. Երեւան