Աղբիւր՝ www.tert.am
Շուէդիայի 6 քաղաքի հրապարակներում յունուարի 25-ին հազարաւոր ասորիներ են հաւաքուել՝ յիշեցնելով 1915 թուականի հայերի, նաեւ ասորիների եւ Պոնտոսի յոյների դէմ իրականացուած ցեղասպանութեան մասին:
Ինչպէս տեղեկացնում է «Demokrat Haber» թուրքական կայքը, հաւաքուածները Թուրքիայի կառավարութիւնից պահանջել են ճանաչել Ցեղասպանութիւնը:
Միջոցառումներն անցկացուել են միաժամանակ: Դրանք ուղեկցուել են նաեւ երթերով:
Ցոյցերի ու երթերի մասնակիցները «Թուրքիայի 100-ամեայ ժխտումն ամօթալի է» պաստառներ են պարզել:
Նրանք կոչ են արել թուրքական պետութեանը վերջ դնել ժխտողական քաղաքականութեանը, առերեսուել անցեալին ու ճանաչել ցեղասպանութիւնը:
Հաւաքուածները նշել են, որ ցեղասպանութիւնները դեռ շարունակւում են, քանի որ անցեալի ցեղասպանութիւններին առերեսում տեղի չի ունեցել: Յիշեցրել են, որ «Իսլամական պետութիւն» խմբաւորման զինեալներն այսօր էլ շարունակում են ցեղասպանութիւն գործել ասորիների եւ այլ փոքրամասնութիւնների դէմ: