Աղբիւր՝ www.yerkirmedia.am
«Երբ ապրիլին Թուրքիայի կառավարութեան հրաւէրով աշխարհի առաջնորդներն, այդ թւում՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը եւ Աւստրալիայի ու Նոր Զելանդիայի վարչապետները, հաւաքուեն Գալիպոլիում՝ յիշատակելու Առաջին համաշխարհային պատերազմի այդ ճակատամարտը, կոտորածի ենթարկուած մէկ ու կէս միլիոն քրիստոնեայ հայերի հոգիները երթի դուրս կը գան նրանց հետ»,- գրում է բրիտանական հեղինակաւոր «Ինդիփենդընթ» թերթի Մերձաւոր Արեւելքի թղթակից, լրագրող Ռոբերթ Ֆիսկը:
Յօդուածի բովանդակութիւնը եւ ուղղուածութիւնն ակնյայտ են դառնում դեռ վերնագրից՝ «Գալիպոլիի ճակատամարտի հարիւրամեակը հայերի Ցեղասպանութիւնը թաքցնելու ամօթալի փորձ է»:
Ռոբերթ Ֆիսկը «դիւանագիտական չար խաղ» է անուանել Թուրքիայի նախագահ Էրդողանի նախաձեռնութիւնը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին հրաւիրել Չանաքքալէ: Ֆիսկի մեկնաբանութեամբ, Էրդողանը հաստատ գիտէր, որ մերժում է ստանալու: Լրագրողը նաեւ շեշտել է, որ ընդամէնը 2 տարի առաջ, երբ այն ժամանակուայ նախագահ Աբդուլլահ Գիւլը մարտի 18-ին նշեց նոյն ճակատամարտի 98-ամեակը, ոչ ոք Թուրքիայում չէր կարող ենթադրել, որ դա պէտք է նշել հէնց ապրիլի 24-ին: