Աղբիւր՝ www.tert.am

 

Էրզրումի Ազիզիէ շրջանում սկզբում որպէս ախոռ օգտագործուող հայկական Ս. Մինաս եկեղեցին այժմ գանձ որոնողների ուշադրութեան կենտրոնում է յայտնուել եւ «մասնաւոր սեփականութիւն» լինելու պատճառաբանութեամբ անհրաժեշտ ուշադրութեան չի արժանանում, գրում է «Dicle» լրատուական գործակալութիւնը:

Հայկական տասնեակ եկեղեցիներ նոյն ճակատագիրն են կիսում. աւերակների վերածուած եկեղեցիների պատերին հայերի հանդէպ ատելութեան դրսեւորումներ են յայտնուել:

««Եօթ հայ սպանողը դրախտ է ընկնում» պնդումն ու «հայ» եւ «հայի զաւակ» բառերը դեռ հայհոյանքի փոխարէն են օգտագործւում Էրզրումում: 1915 թւականի Ցեղասպանութիւնից յետոյ մնացած հայկական ունեցուածքները՝ գործատեղիները, բաղնիքը, տներն ու եկեղեցիներն աւերւում են»,- գրում է լրատուամիջոցը:

Ճակատագրի քմահաճոյքին յանձնուած Ս. Մինաս եկեղեցին էլ աւերման եզրին է: Եկեղեցու կառուցման ժամկէտը յայտնի չէ, ենթադրաբար կառուցուել է 17-րդ դարում:

Եկեղեցին «յայտնաբերուել» էր 2012 թուականին քաղաքի վերակառուցման աշխատանքների ընթացքում, երբ դրա չորս կողմը մաքրուել էր: Պարզուել էր, որ տեղի բնակիչներն այն որպէս ախոռ են օգտագործում: Այժմ էլ լքուած եկեղեցին գանձ որոնողների ուշադրութեան կենտրոնում է:

«Եկեղեցում կանգուն մնացած մաս չկայ»,- ասում է քաղաքացի Դիյադդին Աքը: Նա պատմում է, որ սա հայկական հին բնակավայր է եղել: «Երբ հայերը ստիպուած եղան լքել այս հողերը, այն սկսեցին աւերել: Նախկին դուռը փոխել են, հին՝ երկաթէ դուռը տարել են ու փոխարէնն ախոռի փայտէ դուռ դրել: Բաւական թալանուել է: Անգամ պատի նկարներն են տարել: Նախկինում այստեղ հոգեւորականի տուն է եղել: Ամէն ինչը տարել են, միայն խաչ պատկերուած քարերն են մնացել»,- պատմել է նա: