Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Յունաստանի հայ համայնքի աչալրջութեան շնորհիւ՝ հնարաւոր է եղել կասեցնել թուրքական «Թալէաթ փաշա» կոմիտէի բողոքի ակցիան, որն ուղղւած էր ընդդէմ հայերի եւ Հայոց ցեղասպանութեան եւ նախատեսւում էր անցկացնել Յունաստանի խորհրդարանի շէնքի դիմաց:

«Արմէնպրես»-ի հետ զրոյցում Յունաստանում հրատարակւող «Ազատ օր» պարբերականի խմբագիր Հռիփսիմէ Յարութիւնեանն ասաց, որ կոմիտէն բազմիցս սպառնալիքներ է ուղղել տեղի հայ համայնքին եւ մասնաւորապէս ՀՅԴ Հայ դատի Յունաստանի յանձնախմբին՝ առ այն, որ դադարեցւեն Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ուղղւած միջոցառումները:

«Հասկանալով, որ սպառնալիքներով չեն կարող խոչընդոտել համայնքի ծրագրերը, նրանք որոշեցին Յունաստանի խորհրդարանի դիմաց հանրահաւաք կազմակերպել եւ դէմ արտայայտւել Յունաստանի խորհրդարանի ընդունած որոշմանը, համաձայն որի՝ հայերի, յոյների եւ Փոքր Ասիայի քրիստոնեայ ժողովուրդների դէմ իրականացւած ցեղասպանութեան ժխտումը կունենայ քրէական պատիժ»,- ասաց Հռիփսիմէ Յարութիւնեանը՝ յաւելելով, որ կոմիտէի անդամները նախատեսել էին հանրահաւաք կազմակերպել Աթենքի կենտրոնական Սինդաղմա հրապարակում, որտեղ գտնւում է նաեւ խորհրդարանի շէնքը:

«Հանրահաւաքին մասնակցելու նպատակով՝ Թուրքիայից ինքնաթիռով Յունաստան էին եկել կոմիտէի անդամները՝ Իսմայիլ Հաքը Բեքինի գլխաւորութեամբ: Վերջինս նախատեսում էր նաեւ խորհրդարանի շէնքի մօտ մամուլի ասուլիս հրաւիրել եւ իր «դժգոհութիւնը» յայտնել նաեւ լրատւամիջոցներին»,- ասաց Յարութիւնեանը:

ՀՅԴ Հայ դատի Յունաստանի յանձնախմբի մի քանի տասնեակ անդամներ նախատեսւած ժամին այցելել են խորհրդարանի շէնք՝ նպատակ հետապնդելով ոչ միայն կանխարգելել յունական ժողովրդավարութեան դէմ անցկացւելիք հանրահաւաքը, այլեւ հրաւիրւած լրատւամիջոցներին ներկայացնել իրականութիւնը:

Սակայն թուրքական կողմը վերջին պահին հրաժարւել է մասնակցել հանրահաւաքին: ««Թալէաթ փաշա» կոմիտէի անդամները, որ արդէն ժամանել էին Աթենք, տեղեկացել էին, որ տեղի հայութիւնը ներկայ է գտնւելու հրապարակում: Նրանք հասկացել էին, որ չեն կարողանայ հակազդել հայկական կողմի փաստարկներին ու չեն կարողանայ իրագործել իրենց սպառնալիքները եւ փոշմանած յետ էին վերադարձել օդանաւակայան, մեկնել Թուրքիա»,- ասաց Յարութիւնեանը:

Յիշեցնենք, որ սեպտեմբերին 54 կողմ, 42 դէմ եւ 3 ձեռնպահ քւէարկութեամբ Յունաստանի խորհրդարանը քրէականացրել է Հայոց ցեղասպանութեան ժխտումը: Վեց կէտից բաղկացած «Այլատեացութեան դէմ պայքար» անունը կրող օրինագիծը դրամական խոշոր տուգանք եւ ազատազրկում է նախատեսում հայերի, հրեաների եւ պոնտոսի յոյների ցեղասպանութիւնը ժխտողների համար: Օրինագծով Օսմանեան կայսրութիւնում հայերի կոտորածն անւանւել է Հայոց ցեղասպանութիւն, Ապրիլի 24-ը ճանաչւել Յիշատակի օր: Այս կերպ Յունաստանը Շւէյցարիայից ու Սլովակիայից յետոյ երրորդ երկիրն է, որը քրէականացրել է ցեղասպանութեան ժխտումը: