Աղբիւր՝ www.hyeli.com

 

Բրիտանացին, համացանցով Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ լուսանկարի բնօրինակը վաճառելուց յետոյ, հետ է ուղարկել գումարը, երբ իմացել է, որ գնորդը Հայոց ցեղասպանութեան թանգարան ինստիտուտն է, այս մասին «Արմէնպրես»-ը տեղեկացել է Հայոց ցեղասպանութեան թանգարան ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանի ֆէյսբուքյան էջից:

Լուսանկարում հայ գաղթականներ են, իսկ դարձերեսին գրւած է. «Բաղդատը գաղթականների եւ թուրքական կոտորածները վերապրած հայերի նպաստամատոյցի կենտրոնատեղին է, ուր յայտնւելով նրանց կեցութիւն ու սնունդը ապահովւում է բրիտանական կառավարութիւնը: Թուրքերը նրանց դէմ վատ են տրամադրւած, քանի որ հայերը քրիստոնեայ են, իսկ իրենք՝ ոչ»:

«Լուսանկարը գնելուց եւ դրա դիմաց վճարելուց յետոյ, ի զարմանս ինձ, վաճառողից ստացայ հետեւեալ բովանդակութեամբ մի նամակ. «Ես ուղարկեցի ձեր կողմից գնւած լուսանկարը: Երբ գրում էի հասցէն, հասկացայ, թէ ուր պէտք է այն հասնի, ուստի որոշեցի ետ վերադարձնել վճարը: Ես դա անում եմ՝ յարգանք տածելով ձեր կորստի հանդէպ եւ ի նշան բարեկամութեան»», գրել է Հայկ Դեմոյեանը:

«Արմէնպրես»-ի հետ զրոյցում Հայոց ցեղասպանութեան թանգարան ինստիտուտի տնօրէնը տեղեկացրել է, որ թանգարանի հիմնական ֆոնդերը համալրւում են ամենօրեայ սկզբունքով. չկայ մի օր, որ նոր նիւթի աւելացում չլինի՝ դա կարող է լինել մէկ օրինակ, կամ տասնենակ նիւթեր:

«Իրերից իւրաքանչիւրն ունի իր հետաքրքիր պատմութիւնը. որը քաղաքացիներին են ձեռքբերում, կամ՝ մենք ենք գնում: Կան բազում ցնցող պատմութիւններ, որոնք հանրութեանը դեռ անյայտ են. ուղղակի, այս մէկը թարմ հետքերով ցանկացանք ներկայացնել սոցիալական ցանցերի օգնութեամբ», նշել է նա։

Հայոց ցեղասպանութեան թանգարանը ներկայ պահին գտնւում է վերակառուցման ընթացքում եւ դրա բացումը տեղի կունենայ այս տարի ապրիլի 24-ին: Սակայն, թանգարանի տնօրէնի խօսքով՝ մինչ թանգարանի բացումը ծրագրում է վիրտուալ թանգարանի ծրագրի իրականացումը։ Վիրտուալ ցուցադրութեամբ կներկայացւեն տարբեր իրերի պատմութիւններ, նաեւ այն, թէ ինչպէս են դրանք յայտնւել թանգարանում: