Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Մէկ այլ սկանդալ էլ բացայայտուել է Ֆրանսիայում։ «Նոււել դը աղմենի» ամսագիրը հրապարակել է 2012 թուականին Ֆրանսիայի սահմանադրական դատարանի անդամ Յուբերտ Հայնելի եւ թուրքական խորհրդարանի պատգամաւոր Եաշար Եաքըշի էլեկտրոնային նամակագրութիւնը: Դաշնակցութեան Արեւմտեան եւրոպայի կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Մուրադ Փափազեանն «Երկիրն այսօր»-ի հետ հեռախօսազրոյցում ասել է, որ սկանդալային նամակագրութիւնը գտել են համացանցում, որից պարզուել է, որ ֆրանսիացի պաշտօնեան 2012-ին նախ կազմակերպել է, որ Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը բողոքարկուի եւ ուղարկուի սահմանադրական խորհուրդ, այնուհետեւ էլ նպաստել է, որ այն ճանաչուի հակասահմանադրական: Ֆրանսահայերը պահանջում են, որ Հայնելը հրաժարական տայ:

«Մեր աշխատակցի Yahoo-ի վրայ փնտրելով՝ գտանք այդ խօսակցութիւնը, քանի որ ուշադրութեամբ հետեւում ենք բոլոր իրադարձութիւններին»,- ասաց Մուրադ Փափազեանը։

Ֆրանսիացի պաշտօնեայ Յուբերտ Հայնելը վաղուց կապեր ունի Թուրքիայի ղեկավար շրջանակների հետ եւ զբաղուած է թուրք-ֆրանսիական յարաբերութիւնների խորացմամբ: Իսկ թուրք պաշտօնեայ Եաշար Եաքըշը 2007-2011 թուականներին գլխաւորել է թուրք-ֆրանսիական բարեկամութեան խորհրդարանական խումբը: Հրապարակուած նամակներից մէկը թուագրուած է 2012 թուականի փետրուարի 28, իսկ ամրագրուած ժամը՝ Սահմանադրական խորհրդի որոշումից 2 ժամ առաջ է: ֆրանսիացի պաշտօնեան այս նամակում իր թուրք գործընկերոջը յայտնում է, որ Խորհուրդը թուրքական կողմին բաւարարող որոշում է ընդունելու: Այս սկանդալային պատմութիւնից յետոյ Ֆրանսիայի հայ համայնքը պահանջում է Յուբերտ Հայնելի նկատմամբ հետաքննութիւն սկսել եւ նրան պատասխանատուութեան կանչել՝ Սահմանադրական խորհրդի անդամի երդումը խախտելու եւ կողմնապահութեան համար: Հարցին, թէ ինչ քայլեր են արդէն ձեռնարկուել, Մուրադ Փափազեանը պատասխանեց, որ իրենք արդէն հանդէս են եկել յայտարարութեամբ։