Աղբիւր՝ www.hyeli.com

 

Ամերիկեան «Նիւ Եորք» պարբերականի գրող Րաֆֆի Խաչատուրեանը ծաւալուն յօդւած է հրապարակել «Լռութեան դար. Ցեղասպանութիւնից փրկւած ընտանիքն ու նրա երկար ուղին» խորագրով, որտեղ պատմել է Դիարբեքիրում ծնւած իր պապիկի պատմութիւնը:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, նա ներկայացրել է, որ 1880-ականներին ծնւած իր պապը կեանքի զգալի մասն անց է կացրել հենց Դիարբեքիրում:

Խաչատուրեանը ներկայացրել է Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած ցեղասպանութեան մանրամասները, այնտեղ մնացած հայերի մուսուլմանացումը, ազգանունը 1934 թւականին համապատասխան օրէնքի համաձայն Խաչատրեանից Օզաքդեմիրի վերափոխումը: «Դիարբեքիրը դարձաւ վիրաւոր կոսմոպոլիտիզմի քաղաք, դրա փոքրամասնութիւնները` քրսիտոնեաները, հրեաներն ու յոյները, մեծապէս նւազեցին»,- գրել է հեղինակը:

Նա ուշագրաւ է համարում այն, որ թէպէտ շուրջ մէկ դար է` Թուրքիան ժխտում է ցեղասպանութիւնը եւ անգամ պատժում դրա մասին բարձրաձայնելու համար, սակայն մեր օրերում Դիարբեքիրը, կոտրելով պաշտօնական քաղաքականութեան թեզերը, սկսել է խօսել այդ տարածքը որպէս ընդհանուր հայրենիք ընկալելու մասին: Դեռ աւելին, շատ դիարբեքիրցի քրդեր սկսել են գիտակցել եւ բարձրաձայնել Ցեղասպանութեան իրականացման մէջ իրենց մեղաւորութեան մասին:

«Թէպէտ Հայոց ցեղասպանութիւնից անցել է մէկ դար, սակայն դրա իրագործման շատ մանրամասներ մնում են անհայտ: Համատարած պետական ժխտողականութիւնն արգելում է մուտք գործել պաշտօնական արխիւներ` ինչպէս ակնհայտ, այնպէս էլ քողարկւած ձեւերով: Առանցքային օսմանեան փաստաթղթերը կորած են կամ ոչնչացւած»,- պատմում է Խաչատուրեանը:

Նա նշում է, որ մեծացել է այնպիսի միջավայրում, որտեղ վրիժառութեան ցանկութիւնը մշտապէս դժւար է եղել տարանջատել արդարութեան հասնելու ձգտումից: «Համայնքային կենտրոններում շատ յաճախ հնարաւոր էր գտնել այն հայերի պոստերները, ովքեր քաղաքական սպանութիւնների շարքի ժամանակ սպանել էին թուրք պաշտօնեաների 70-80-ական թւականներին: Նրանք հերոսներ էին` ֆիդայիներ, եւ երեխաները խրախուսւում էին պատւելու նրանց, ինչպէս նաեւ գրելու, եթէ վերջիններս բանտում էին»,- նշել է Խաչատուրեանը: