Աղբիւր՝ www.yerkir.am

 

2015-ին Հ.Հ.-ի Մշակոյթի նախարարութիւնը նախատեսում է իրականացնել մի շարք միջոցառումներ` Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի հետ կապուած: Այսօր տարեվերջեան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Հ.Հ.-ի Մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանն ասաց, որ Ցեղասպանութեան կապակցութեամբ մենք մեծ ասելիք ունենք, որն առաջին հերթին պէտք է ուղղուած լինի հէնց մեզ, յետոյ` արդէն աշխարհին:

«Մենք մեզ պէտք է վերապատմենք, թէ ինչ եղաւ 100 տարի առաջ, եւ պէտք է ճիշտ վերապատմենք, որ կարողանանք աշխարհին էլ այդ կերպ այն մատուցել: Նախարարութիւնն ազգային արխիւի, պատմութեան թանգարանի, Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնել է ցուցահանդէս, որը նուիրուած կը լինի յետ-ցեղասպանութեան պատմութեանը եւ դրա վերլուծութեանը: Ցուցահանդէսը կը բացուի ապրիլ ամսին՝ պատմութեան թանգարանում»,- յայտնեց նախարարը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ 2015-ին «Ոսկէ ծիրան» կինօփառատօնի շրջանակներում աշխարհի մի շարք երկրների կինօթատրոններում կը ցուցադրուեն Ցեղասպանութեան մասին պատմող ֆիլմեր: Ըստ նախարարի` Հայաստանի բոլոր երաժշտական կոլեկտիւները նոյնպէս արտերկրում հանդէս կը գան համերգներով: