Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դաւութօղլուի հայազգի խորհրդական Էթյեն Մահչուփեանը յայտնել է, որ «Թուրքիան ու Հայաստանը չպէտք է ակնկալեն, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի զանգուածային սպանութեան վերաբերեալ երկարատեւ վէճը եկող տարում լուծում կը ստանայ»:
Ինչպէս նշում է alarabiya.net-ը, Agence-France Presse լրատուական գործակալութեան հետ զրոյցում Մահչուփեանն ասել է, որ «2015թ. ծանր տարի է լինելու տեղի ունեցած ողբերգութեան 100- ամեակի եւ դրան յաջորդող իրադարձութիւնների առումով»:
«Կարծում եմ՝ այս տարի հնարաւոր է խորհրդանշական քայլեր անել ու մտերիմ յարաբերութիւններ հաստատել: Սակայն քաղաքական ու պատմական հարցերի լուծումը կը մնայ եկող տարիներին, քանի որ այդպէս աւելի լաւ կը լինի»,-ասել է խորհրդականը:
Աղբիւրը նկատում է, որ Մահչուփեանն այն քիչ հայերից է, ովքեր Թուրքիայում զբաղեցնում են կառավարական պաշտօններ: Խորհրդականը նշել է, որ «ապագայի համար Թուրքիայի իշխանութիւնների գլխաւոր նպատակներից է յարաբերութիւններ հաստատել Հայաստանի, ինչպէս նաեւ բազմամիլիոնանոց հայ համայնքի հետ, որի ներկայացուցիչներից շատերն ատելութիւն են զգում Թուրքիայի հանդէպ»: