Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Թուրք մամուլը պարբերաբար հաղորդում է, որ բազմաթիւ թուրք յառաջապահական մտաւորականներ ու հասարակական կազմակերպութիւններ որոշել են այս տարի աւելի ընդլայնել Ապրիլ 24-ի յիշատակութիւնը: Ինչպէս յայտնի է, վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամը լինելով թուրք մտաւորականները Թաքսիմի հրապարակի վրայ մասնաւոր խմբաւորումով սկսեցին յիշատակել Ապրիլ 24-ի ողբերգութիւնը եւ ոգեկոչել մասնաւորաբար Պոլսից կալանաւորուած, աքսորուած, ապա նահատակուած հայ մտաւորականների յիշատակը: Նոյն հասարակական կազմակերպութիւնները որոշել են այս տարի աւելի ընդարձակել յիշատակութեան ծիրը, քանի որ այս տարուան հարիւրերորդ տարելիցն է դառնում:

«Դեմոքրաթ Հաբեր» կայքէջի եւ «Նոր Մարմարա»-ի պատուակալ աշխատակից Հրանդ Գասպարեանը տեղեկացնում է, որ Հայաստանում Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի տնօրէն Հայկ Դեմոյեանը Թուրքիայի հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներին հրաւիրեց 2015-ին այցելելու Երեւանի Ցեղասպանութեան թանգարանը: Դեմոյեանի հրաւէրը մի պատասխան է Թուրքիայի հասարակական կազմակերպութիւնների կողմից Հայաստանի ժողովրդին ուղղուած հրաւէրին: Արդարեւ, Թուրքիայի հասարակական կազմակերպութիւնները հայաստանցիներին էլ հրաւիրեցին ներկայ գտնուելու այն ոգեկոչման հաւաքոյթին, որ Ապրիլի 24-ն կատարուելու է Պոլսում: Հայկ Դեմոյեանը, Երեւանում գործող «Ազատութիւն» ռադիօկայանի հետ խօսելու ընթացքում այս հրաւէրին պատասխանելով` ասաց. «Թուրքիա գնալ, ինչո՞ւ: Որպէսզի լսենք մեզ մեղադրող խօսքե՞ր: Կամ, որպէսզի իմանանք, որ այլեւս Թուրքիայում հասկացել են, որ Ցեղասպանութիւնն ի՛նչ հետեւանքներ է ստեղծել, եւ հիմա պատրա՞ստ են այդ հետեւանքների մէկ մասը գոնէ սրբագրելո՞ւ»:

Պատմաբան Հայկ Դեմոյեանը, որ հարիւրամեակի ոգեկոչման համակարգիչ խորհրդի քարտուղարութեան պաշտօնն է ստանձնել, Թուրքիայի հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներին եւ Թուրքիայի բոլոր փափագող քաղաքացիներին հրաւիրեց այցելելու Երեւանի Ցեղասպանութեան թանգարանը, որ բաց է լինելու ամբողջ 2015-ի տեւողութեանը: Դեմոյեանը, որ 2006 թուականից ի վեր թանգարանի տնօրէնն է, ասաց, որ նոր բացուելիք ցուցահանդէսն այցելող թուրքերն այս կերպով տեսնելու են Թուրքիայի այն պատմութիւնը, որը մերժուոմ էի թուրք ղեկավարների կողմից: