Աղբիւր՝ www.asbarez.com
Թուրքիայում գործող մարդկային իրաւունքների պաշտպան մի շարք կազմակերպութիւններ՝ Թուրքիայի Մարդկային իրաւունքների ընկերակցութեան գլխաւորութեամբ, հաւաքական եւ զանգուածային գերեզմանների հիմնարկ են հիմնելու:
Ըստ «Ակօս»-ի՝ ջանքերը կենտրոնանլու են Հայոց ցեղասպանութեան զոհերի գերեզմանները, ինչպէս նաեւ 1925-ին եւ 1930-ականներին տեղի ունեցած քրդական ապստամբութիւնների եւ յետագայ քրդական ապստամբութիւնների ընթացքում սպանուածների գերեզմանները յայտնաբերելու աշխատանքի վրայ:
«Հայոց ցեղասպանութիւնից եւ 1990-ին սաստկացած քրդական պատերազմներից յետոյ, իւրաքանչիւր գերեզմանափորման աշխատանքի ժամանակ յայտնաբերուում են ոսկորներ, հետաքննութիւն է կատարուում, դիմուում է դատարաններ, սակայն պետութիւնը մինչ օրս այդ ուղղութեամբ յստակ քայլեր չի կատարել: Հաւաքական գերեզմանների իրականութիւնը տարիներ շարունակ եղել է մարդկային իրաւունքների կազմակերպութիւնների օրակարգի վրայ։ Յատկապէս, սոյն կազմակերպութեան Տիգրանակերտի մասնաճիւղը երկար ժամանակ փորձում է գտնել զանգուածային գերեզմանների վայրերը: Միութիւնը պատրաստել է նաեւ ցարդ յայտնաբերուած վայրերի քարտէսը: Դեկտեմբերի 16-ին հրապարակուած զեկոյցի համաձայն՝ 348 զանգուածային գերեզմանների մէջ գտնուել է 4201 դիակ, սակայն այդ զեկոյցի մէջ չեն ներառուած 1915-ի տուեալները»,- տեղեկացնում է «Ակօս»-ը:
«Ակօս» թերթը յայտնում է նաեւ, որ Սղերդը 1915-ից առաջ եղել է հայահոծ բնակավայր եւ մինչեւ Ցեղասպանութիւն՝ այնտեղ ապրել է 4032 հայ: Երեք եկեղեցի ունեցող Սղերդը ոչ միայն հայերի, այլեւ ասորիների բնակութեան կենտրոն է եղել: Իսկ հայկական կոտորածը բոլորի յիշողութեան մէջ թարմ է մնացել։ Սղերդում գրեթէ բոլորը գիտեն հայերի զանգուածային կոտորածի վայրերի մասին:
«1915-ից յետոյ, քաղաքում քրդացման շարժում սկիզբ առաւ: Աւելի ուշ, քրդական քաղաքական շարժման կարեւոր կենտրոններից մէկը համարուող Սղերդում, 1989 թուականին սպանուեցին Քիւրդիստանի բանուորական կուսակցութեան աւելի քան 300 զինեալներ եւ նետուեցին Նէուալա անունով յայտնի գիւղաքաղաքի Դահիճների առուն»,- գրում է «Ակօս»-ի՝ աւելացնելով, որ ըստ զեկոյցի՝ այնտեղ յայտնաբերուել են 48 զանգուածային գերեզմաններ: Զեկոյցում նշուում է նաեւ, որ Նէուալա գիւղաքաղաքի մօտ կան հայերի եւ քիւրդերի զանգուածային գերեզմաններ:
Մարդկային իրաւունքների միութեան Սղերդի մասնաճիւղի նախագահ Զանա Եաւուզը «Ակօս»-ին ասել է. «Սղերդը հայերի եւ ասորիների քաղաք էր, սակայն 1915-ից յետոյ քրդական քաղաքի վերածուեց: Այս իրողութեանը ծանօթ են քաղաքի բնակիչները: Թեհթամեթերխանեն նոյնպէս հայերի կոտորածների վայր է եղել: Թեհթամեթերխանէի բարձունքի ժայռերի վրայ տակաւին հայերի ոսկորներ կան»: