Աղբիւր՝ www.asbarez.com
Թուրքիայում հրատարակուել է սասունցի Ադնան Արսլանի «Ընկուզենին» գեղարուեստական վէպը, որի մէջ ներկայացուում է արեւմտահայութեան, յատկապէս հայ կանանց ու երեխաների դիմագրաւած դժուարութիւնները:
Ըստ թրքական լրատուամիջոցների՝ հեղինակն այս ստեղծագործութեան վերաբերեալ յայտնել է, որ իրեն ներշնչել է 96 տարեկան մի հայ՝ Սիւլէյման անունով, ով բնակուում էր նոյն հայկական գիւղում, որտեղ ինքը հասակ է առել:
Սասուն գաւառին ենթակայ Թեքեւլեր գիւղում ծնուած Ադնան Արսլանը նաեւ նշել է, որ սոյն գրքի միջոցով փափագում է ապագայ սերունդներին փոխանցել հայերի բնակավայրերի, կենսակերպի եւ ապրած մեծ աղէտի մասին տեղեկութիւններ: Հեղինակը շեշտել է, որ վէպը գրել է իրական փաստերի եւ իրադարձութիւնների վրայ հիմնուելով: