Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի առթիւ բազմաթիւ նախաձեռնութիւնների շարքին է հայկական գրական երկերի ընթերցման մի նախաձեռնութիւն, որը կազմակերպուել է Գերմանիայում երկու մշակութային հիմնարկների կողմից։

Նախաձեռնութիւնը 1915-ին ձերբակալուած եւ սպանուած հայ մտաւորականների յիշատակն է յարգելու նրանց գրական գործերի եւ յետագայ գրողների երկերի հրապարակային ընթերցումները կատարելով։ Նոյեմբերի 20-ին, Բեռլինի Բունդսփրեսքոնֆերենցի մէջ Լեփսիուսհաուզի տնօրէն դկտտ. Ռոլֆ Հոսֆելդը եւ Բեռլինի գրական միջազգային փառատօնից Ուլրիխ Շրայբրը նախաձեռնութիւնը ներկայացրեցին միջազգային մամուլի ներկայացուցիչներին։ Կազմակերպիչների հրապարակած կոչը հետեւեալն է.

«Բեռլինի գրականութեան միջազգային փառատօնը եւ Փոցդամի Լեփսիուսհաուզը կոչ են ուղղում համաշխարհային ընթերցում կատարել 24 ապրիլ 2015-ին՝ Հայոց ցեղասպանութեան սկզբնաւորութեան 100-ամեակը նշող օրը։

Մի Քանի հարիւր հայ մտաւորականներ՝ բանաստեղծներ, երաժիշտներ, խորհրդարանականներ եւ հոգեւորականներ, 24 ապրիլ 1915-ին ձերբակալուեցին Պոլսում (մերօրեայ Իսթանբուլ) եւ տեղահանուեցին դէպի Թուրքիայի ներքին տարածքներ, որտեղ նրանց մեծամասնութիւնը սպանուեց։ Դա մարդկութեան դէմ մի ոճիրի սկիզբն էր։ Համաշխարհային Ա պատերազմի ընթացքում հայերի բնաջնջումը արդի ժամանակների ծրագրուած եւ գործադրուած առաջին ցեղասպանութիւնն էր։ Այս ցեղասպանական արշաւի ընթացքուիմ Օսմանեան կայսրութեան մէջ աւելի քան մէկ միլիոն հայեր սպանուեցին։ Դէպքերը տեղի ունեցան ամբողջ աշխարհի աչքերի առջեւ եւ յստակ կերպով փաստագրուել են գերմանական, Աւստրիա-հունգարական, իտալական, ամերիկեան, սքանդինաւեան, հայկական եւ օսմանեան աղբիւրների մէջ, ինչպէս նաեւ պատմական հետազօտական բազմաթիւ աշխատութիւնների մէջ։ Օգոստոս 1915-ին, «Նիւ Եորք Թայմզ»-ը հաղորդեց մինչեւ այդ օրը պատմութեան մէջ աննախադէպ, կանոնաւոր կերպով ծրագրուած ցեղային մաքրագործման ու բնաջնջման մասին։ Գերմանիայի Ռայխի կառավարութիւնը, որ դաշնակից էր Օսմանեան կայսրութեանը, նոյն եզրակացութիւններին հանգեց առանց տեղի ունեցողի նկատմամբ որեւէ քայլի դիմելու։

Թրքական քաղաքական աշխարհը մինչեւ օրս ժխտում է Հայոց ցեղասպանութիւնը, թէեւ փաստերն աւելի քան հարիւր տարուց ի վեր ծանօթ են։ Հնդիկ գրող Արունդհաթի Ռոյը հրապարակաւ այս գայթակղութեան մասին խօսեց բազմաթիւ առիթներով, ներառեալ 2009-ի Բեռլինի միջազգային գրականութեան փառատօնի ընթացքում։ 1915-ին նրան յաջորդող տարիներին բազմաթիւ հայ ձայներ լռութեան մատնուեցին։ Այդ ժամանակից ի վեր, ուրիշ ձայներ են բարձրացել եւ խօսել մոռացման դէմ, նրանց շարքին են թրքական ժողովրդավարական քաղաքացիական հասարակութիւնից ձայներ։ Առ ի յիշատակ զոհերի եւ ցեղասպանութեան միջազգային ճանաչման պահանջին զուգահեռ, կոչ ենք ուղղում 24 ապրիլ 2015-ին աշխարհատարած ընթերցանութիւն կատարել՝ օգտագործելով գրութիւնները հայ գրողների, որոնց շարքին Սիամանթոյի, Կոմիտասի, Եղիշէ Չարենցի, Վիլիամ Սարոյեանի, Յովհաննէս Շիրազի, Պարոյր Սեւակի, Յակոբ Մնցուրիի, Սիլւա Կապուտիկեանի եւ Հրանդ Դինքի»։

Ռոլֆ Հոսֆելդի, Քոնրատդ Քուհնի, Ուլրիխ Շրայպբրի եւ Յասմիկ Պապեանի կողմից կոչի ստորագրումից յետոյ, այն ստորագրել են 65 երկիներից աւելի քան 400 անձեր։ Նրանց շարքին են Նոբէլեան մրցանակիրներ Էլֆրիդ Ելնեքը, Մարիօ Վարկաս Լլոսան, Ջոն Մ. Քէօցէ,ն Հերթա Միւլեր,ը Օրհան Փամուքը, ինչպէս նաեւ Էլիֆ Շաֆաքը, Ալբերթօ Մանգուէլը, Բրայթոն Բրէյթոնպախը եւ Ջոն Աշբրին։

Ինչպէս կազմակերպիչները մամլոյ ասուլիսի ընթացքում նշեցին, իրենք յոյս ունեն, որ ընթերցումները տեղի են ունենալու 21 պարիլ 2015-ին աշխարհի տարածքում բազմաթիւ քաղաքներում։ Նախաձեռնութեանը միանալով հետաքրքրուած անհատներն ու կազմակերպութիւնները պէտք է կապ հաստատեն հետեւեալ էլեկտրոնային նամակի հասցէի հետ.

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։