Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Ակօս»-ը հրապարակել է Հայոց ցեղասպանութիւնը փաստող օսմաներեն փաստաթուղթ, որը 1918 թուականի ապրիլի 2-ին ներկայացուել եւ երկու օր յետոյ ընդգրկուել է թուրքական խորհրդարանի օրակարգում:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, թուրքական խորհրդարանի օրակարգում այդ փաստաթղթի յայտնուելուց առաջ` 1914 թուականի յունիսի 23-ին թուրքական խորհրդարանում քննարկուել էր Այդընի պատգամաւոր Էմանուէլ Էմանուէլիդիի եւ նրա գործընկերոջ` յոյների տեղահանութեան մասին հարցապնդումը եւ ներքին գործերի նախարար Մեհմեթ Թալէաթի պատասխանը: Հարցապնդման մէջ պատգամաւորները նշել են 150 հազար բնիկ յոյներին հայրենազրկելու, յոյների դէմ իշխանութիւնների դրդմամբ խռովութիւն կազմակերպելու, ներգաղթածներին յոյների գիւղերում տեղաւորելու հետ կապուած հարցեր:

Հարցապնդմանը Թալէաթը պատասխանել էր, որ յոյների տեղահանութիւնը կապուած է Բալկաններից թուրքերի ներգաղթի հետ: Իսկ այն հարցին` ե՞րբ է սպասւում յոյների յետդարձը, Թալէաթն ասել է, որ «կառավարութիւնը դա չի ցանկանում»:

Այդ քննարկումից 4 տարի անց` 1918 թուականի ապրիլի 2-ին Այդընի պատգամաւոր Էմանուէլիդինը, Չաթալջայի պատգամաւոր Տոկինիդիսը եւ Իզմիրի պատգամաւոր Վանգելը թուրքական խորհրդարան էին ներկայացրել հայերի եւ յոյների ցեղասպանութիւնների եւ արաբների նկատմամբ խտրական քաղաքականութեան մասին հարցապնդում, որը խորհրդարանի օրակարգ էր մտել երկու օր յետոյ:

Օսմանեան խորհրդարանի նախագահին ուղղուած հարցապնդման մէջ նշուել էր, որ հինգ տարուց աւելի կառավարութեան հովանաւորութեամբ պատմութեան մէջ նախադէպը չունեցող բռնութիւններ են իրագործուել երկրում. միայն ազգային պատկանելիութեան համար մէկ միլիոն հայեր, առանց բացառութեան, կանայք եւ երեխաներ կոտորուել եւ ոչնչացուել են, 250 հազար յոյներ վռնդուել են երկրի սահմաններից դուրս, 150 հազարից աւելի յոյներ ոչնչացուել են, նրանց բոլորի ունեցուածքը իւրացուել է, սպանուել են խորհրդարանի հայ պատգամաւորներ  Զոհրապը եւ Վարդգէսը, արաբների սպանութիւններ են իրագործուել, 250 հազարից աւելի մարդիկ տեղահանութեան ժամանակ մահացել են սովից:

«Ակօս»-ը, սակայն, չի ներկայացրել այս հարցապնդման պատասխանը: