Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Եգիպտոսի «Օրբիտ» հեռուստաընկերութիւնը 2015 թուականին հեռարձակելու համար նկարահանում է Հայոց ցեղասպանութեան մասին պատմող ֆիլմ։ Այդ նպատակով Երեւանում է հեռուստաընկերութեան նկարահանող խումբը։

Ի դէպ, Ցեղասպանութիւնը փաստավաւերա-գրական տեսանկիւնից անխոցելի ներկայացնելու համար արաբական նկարահանող խումբն աշխատում է նաեւ Լիբանանի եւ Երուսաղէմի հայկական համայնքների հետ։

Ֆիլմի ռեժիսոր Մոհհամեդ Նասըրը «Երկիրն այսօր»-ի հետ զրոյցում չբացառեց, որ ֆիլմի ցուցադրութիւնից յետոյ Եգիպտոսի իշխանութիւնները վերանայեն իրենց մօտեցումը եւ ճանաչեն Հայոց ցեղասպանութիւնը։ Նրա խօսքով, իրենց նպատակները քաղաքական չեն, այլ փորձում են լոյս սփռել պատմութեան վրայ։

«Անշուշտ, այն ինչ ներկացւում է հեռուստաընկերութիւններով, դրանք նաեւ իրենց երկրորդ երեսն ունեն։ Հնարաւոր է՝ այն իր անդրադարձն ունենայ պետական իշխանութիւնների քաղաքականութեան վերանայման համար եւ առիթ դառնայ, որպէսզի Եգիպտոսը ճանաչի Հայոց ցեղսպանութիւնը»,- նշեց նա։

Նասըրն ասաց, որ ցանկութիւնը մեծ էր Հայոց ցեղասպանութեան մասին ֆիլմ պատրաստելու համար, սակայն իրենց ձեռքի տակ եղած անհրաժեշտ փաստավաւերագրական նիւթերը բաւարար չէին նման ֆիլմ պատրաստելու համար։

«Պէտք է արձանագրեմ, որ Եգիպտոսում յատկապէս երիտասարդութեան շրջանում մեծ է հետաքրքրութիւնը հայ ժողովրդի պատմութեան այդ սեւ էջի նկատմամբ։ Արաբական աշխարհում, ի հարկէ, տեղեակ են Ցեղասպանութեան մասին, բայց այնքան տեղեկացուած չեն, որ լիարժէք պատկերացում ունենան»,- ասաց ֆիլմի ռեժիսորը։

Ցեղասպանութեան մասին ֆիլմ նկարելու գաղափարը ծագել է հեռուստաընկերութեան մի հաղորդման ընթացքում, որին մասնակցում էին Եգիպտոսի Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչները։ Գրասենեակի ներկայացուցիչ, Ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման յանձնախմբի անդամ Արմէն Մազլումեանն ասաց, որ նկատելով այդ հետաքրքրութիւնը, ընդառաջել են, եւ ահա այսօր Երեւանում են, օգնում են նկարահանումներին։

««Օրբիտ» հեռուստակայեանը ոչ միայն Եգիպտոսում, այլ նաեւ արաբական աշխարհի այլ երկրներում է հեռարձակւում։ Սա առաջին վաւերագրական ֆիլմն է Ցեղասպանութեան մասին, որն արաբերէն լեզուով է սփռուելու»,- ասաց Եգիպտոսի Հայ դատի գրասենեակի ներկայացուցիչ, Ցեղսպանութեան 100-ամեակի ոգեւոկչման յանձնախմբի անդամ Արմէն Մազլումեանը:

Արմէն Մազլումեանը յիշեցրեց, որ Եգիպտոսի կինօփառատօնն այս տարի բացուել է գերմանացի, ծագումով թուրք Ֆաթիհ Աքինի Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «Սպի» ֆիլմով։

«Ցուցադրութեան ժամանակ մեծ հետաքրքրութիւն կար Եգիպտոսի հանրութեան կողմից, եւ այն լուսաբանուեց նաեւ լրագրողների կողմից»,- ասաց Մազլումեանը։

Ռեժիսոր Մոհհամեդ Նասըրը մեր զրոյցի վերջում ասաց՝ իրենց նպատակն է Հայոց ցեղասպանութեան մասին բարձրաձայնելով աշխարհին ստիպել՝ հրաժարուել յետագայ ցեղասպանութիւններից։