Աղբիւր՝ www.tert.am
Թուրքական եւ ամերիկա-հայկական կազմակերպութիւնները համատեղ աշխատանք են տանում Հայոց ցեղասպանութեան հարիւրերորդ տարելիցը նաեւ Ստամբուլում նշելու ուղղութեամբ: Այս մասին յայտնում է Asbarez-ը:
Մասնաւորապէս՝ թուրքական DurDe հասարակական կազմակերպութիւնը եւ Project 2015 նախաձեռնութիւնը նախատեսում են նաեւ շատ թուով հայերի տեսնել Ստամբուլում՝ պատմական հարիւրամեայ տարելիցը ոգեկոչելու համար:
DurDe-ից յայտարարել են, որ ցանկանում են իրենց յարգանքի տուրքը մատուցել Ցեղասպանութեան զոհերին ու Ցեղասպանութիւնից մազապուրծ հայերին, դա անել հայերի հետ միասին եւ այդ կերպ ճնշում գործադրել իրենց իշխանութիւնների վրայ՝ Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու համար:
Project 2015-ից էլ յայտարարել են, որ շատ հայեր պատրաստւում են այդ օրը լինել Ստամբուլում եւ այդ կերպ պատասխանատուութեան հրաւիրել թուրքական իշխանութիւններին:
Նախատեսւում է Ապրիլի 24-ի երեկոյեան հաւաքուել Թաքսիմ հրապարակում, Շիշլիի հայոց գերեզմանատանը արարողակարգ մատուցել. այստեղ է թաղուած հայ զինուոր Սեւակ Բալըքչին, ով ծառայում էր թուրքական բանակում եւ թուրք զինուորի կողմից սպանուել էր 2011-ի ապրիլի 24-ին:
Վերջին մի քանի տարիներին թուրքական կազմակերպութիւններն Ստամբուլում նշել են Հայոց ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման օրը:
DurDe-ն մարդու իրաւունքների, խտրականութեան դէմ պայքարող առաջատար թուրքական քաղաքացիական շարժում է: Project 2015-ն ԱՄՆ-ից գործող նախաձեռնութիւն է, որը համախմբում է հայերի, թուրքերի եւ ամերիկացիների: