Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Հ.Հ.-ի Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը դեկտեմբերի 8-ին Հ.Հ.-ի Ազգային ժողովում  մասնակցեց «Աշխարհն առանց ցեղասպանութիւնների» խորագրով խորհրդարանական լսումներին, որը նուիրուած էր ցեղասպանութիւնների իրաւական հարցերի քննարկմանը:

Ողջունելով ներկաներին` Հ.Հ.-ի Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն իր գոհունակութիւնը յայտնեց առ այն որ, Օրէնսդիր բարձրագոյն մարմնում հայ եւ հրեայ ժողովուրդների ներկայացուցիչներն անդրադառնում են այնպիսի մի խորունկ, տարողունակ խնդրի, ինչպիսին «աշխարհն առանց ցեղասպանութիւնների» վերտառութեամբ քննարկումներն են:

Հրանոյշ Յակոբեանն իր ելոյթում մասնաւորապէս նշեց. «Այսօր հայ ժողովուրդը 100 տարի առաջ ճնշուած, բզկտուած, աւէր ու արիւն տեսած ազգը չէ, ճիշտ է՝ փոքր է այն տարածքը, որ կոչւում է Հայաստանի հանրապետութիւն, սակայն հզօր, ուժեղ եւ կազմակերպուած են աշխարհի 10 միլիոն հայերը, որոնք երբեք չեն լռելու, պայքարելու են ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ նրա հետեւանքների վերացման համար: Պայքարելու են, քանզի այսօր մենք կիսում ենք ցեղասպանութեան աւերիչ հետեւանքները»:

Սփիւռքի նախարարն ընդգծեց. «Պէտք է Ցեղասպանութեան հետեւանք համարել այն, որ մի ամբողջ ազգ տառապանքի, մտորումների մէջ է, որ միլիոնաւոր զաւակներ չծնուեցին: Մենք կորցրել ենք ամէն ինչ: Մնացել են պատմական յիշողութիւնները»:

Ելոյթի աւարտին Հրանոյշ Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց Հ.Հ.Կ.-ի եւ Ռ.Հ.Մ.-ի նախահագ, ԻՒ.Ն.Ե.Ս.Կ.Օ.-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամեանին՝ նման նախաձեռնութեան համար, ինչպէս նաեւ Եւրոպական հրէական պառլամենտի պատգամաւորներին` Հայաստան գալու եւ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի շեմին նման լսումներ կազմակերպելու համար: