Աղբիւր՝ www.armenpress.am

 

Ուրուգուայի արեւելեան հանրապետութեան փոխ-նախագահ, Սենատի նախագահ Դանիլօ Աստորին դեկտեմբերի 8-ին Հ.Հ.-ի Ա.Ժ.-ի Հայաստան-Ուրուգուա բարեկամական խմբի ղեկավար Սուքիաս Աւետիսեանի ուղեկցութեամբ այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր։

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հ.Հ.-ի Ազգային ժողովի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, Ուրուգուայի Սենատի նախագահը ծաղկեպսակ է դրել 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւէրժացնող յուշակոթողին, լռութեամբ ու խոնարհումով յարգել մէկ ու կէս միլիոն անմեղ զոհերի յիշատակը։

Ուրուգուայի Սենատի նախագահ Դանիլօ Աստորին, կիսելով իր տպաւորութիւնները, նշել է, որ անչափ տպաւորուած է, թէ ինչպիսի խորութեամբ է Հայաստանը յիշում ու վառ պահում Ցեղասպանութեան զոհերի յիշատակը։

Հայոց մեծ եղեռնի միջազգայնօրէն ճանաչման գործում Հայաստանը պէտք է վստահ լինի, որ իր կողքին ունի բարեկամ երկիր՝ Ուրուգուայի արեւելեան հանրապետութիւնը, որը պատրաստ է մշտապէս աջակցել, ասել է Դանիլօ Աստորին։

Ուրուգուացի բաձրաստիճան հիւրն եղել է նաեւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում, ծանօթացել Հայոց մեծ եղեռնը հաւաստող վաւերագրերին ու փաստաթղթերին։

Ուրուգուան Հայոց ցեղասպանութիւնն աշխարհում առաջինը ճանաչած պետութիւնն է. Ուրուգուա, Սենատը եւ Ներկայացուցիչների պալատն այդ մասին որոշում են ընդունել 1965 թուականի ապրիլի 20-ին, իսկ 2004 թուականի մարտի 26-ին` օրէնք: