Աղբիւր՝ www.armenpress.am
Իսրայէլի նախագահ Ռէոււէն Ռիւլինը, ով ժամանակին եղել է Հայոց ցեղասպանութեան ճանաչման ջատագովներից, այս տարի չի ստորագրել Իսրայէլի իշխանութիւնների կողմից հայերի զանգուածային սպանութիւնները ցեղասպանութիւն ճանաչելու մասին ամենամեայ դիմում-պահանջագիրը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով The Times of Israel պարբերականը, լուրը պաշտօնապէս հաստատել են Իսրայէլի նախագահի նստավայրից:
Նախագահի որոշումն անակնկալի է բերել արշաւի պատասխանատուներին: Իսրայէլական 10 News հեռուստաալիքը նշել է. «Ըստ երեւոյթին, Ռիւլինի մտավախութիւնն աւելի մեծ վնաս չպատճառելն է առանց այն էլ խաթարուած թուրք-իսրայէլական յարաբերութիւններին»:
Երկու երկրների միջեւ յարաբերութիւնները կտրուկ սրուել են 2010 թուականից ի վեր, երբ ինը թուրք քաղաքացիներ սպանուեցին Գազա «մարդասիրական» օգնութիւն փոխադրող «Ազատութեան նաւատորմի» կազմում թուրքական «Mavi Marmara» նաւն իսրայէլցի զինուորների կողմից գրաւումից յետոյ:
Տարիներ շարունակ Իսրայէլը խուսափել է պաշտօնապէս ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը` Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնները չվնասելու մտավախութեամբ: Մինչեւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանութեան գալը Թուրքիան եղել է Իսրայէլի մերձաւոր դաշնակիցը մուսուլմանական աշխարհում:
Նախկինում Ռիւլինը բազմաթիւ առիթներով իսրայէլցի օրէնսդիրներին խրախուսել է հրաժարուել Հայոց ցեղասպանութեան ճանաչման քաղաքականացուած դիսկուրսից: «Ես տեղեակ եմ, թէ որքան զգայուն թեմա է սա, սակայն չեմ մեղադրում ժամանակակից Թուրքիային»,- անցեալ տարի Քնեսէթում ասել է Ռիւլինը:
«Համոզուած եմ` Թուրքիան կը դաշնակցի: Կարծում եմ` պէտք է լուծում գտնել այս ճգնաժամի համար, սակայն աներեւակայելի բան է, որ Քնեսէթն անտեսի այս ողբերգութիւնը: Մենք հանրութիւնից պահանջում ենք չժխտել Հոլոքոստը, եւ չենք կարող անտեսել մէկ այլ ազգի ողբերգութիւնը»,- ասել է նա:
Օսմանեան կայսրութիւնում եւ նրան յարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգուածային բռնագաղթը եւ կոտորածները ծրագրուեցին եւ կազմակերպուեցին երիտթուրքերի, իսկ յետագայում աւարտին հասցուեցին քեմալական կառավարութեան կողմից:
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձութիւններին դրսեւորուեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915 թուական մայիսի 24-ի համատեղ յայտարարութեամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարուած բռնութիւնները բնորոշուեցին որպէս «յանցագործութիւն մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ»: Կողմերը կատարուած յանցագործութեան համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարութեանը:
Ա.Մ.Ն.-ի նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշը, Ջիմի Քարտերը այն նախագահներն են, որ այդպէս էլ չկատարեցին իրենց նախընտրական խոստումը եւ իրենց ուղերձում 1915-1923 թուականների Օսմանեան կայսրութեան իշխանութիւնների կողմից իրականացուած իրադարձութիւնները չանուանեցին ցեղասպանութիւն: