Աղբիւր՝ www.hyeli.com
Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ ամերիկեան հեղինակաւոր «Դը Նիւ Եօրք Թայմզ» պարբերականն ուշագրաւ անդրադարձ է կատարել այս թեմային:
Պարբերականի յօդւածագիր Ջոն Քիֆները նախ պատմական փաստեր է ներկայացնում` ասելով, որ Առաջին աշխարհամարտի նախաշեմին անկում ապրող Օսմանեան կայսրութիւնում բնակւում էր 2 մլն. հայ: Մինչդեռ 1922 թւականի դրութեամբ` նրանց թիւը հասել էր 400,000-ի` մնացած 1.5 միլիոնը դարձել էր ցեղասպանութեան զոհ:
«Սակայն թուրքերի համար 1915-ին տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթէ ոչ երբեմնի հզօր կայսրութեանը վերջ դրած խառը պատերազմի մի մաս: Նրանք չեն ընդունում «ցեղասպանութիւն» եզրոյթն ու պատմաբանների եզրահանգումները` ասելով, որ իրենք նպատակ չեն ունեցել մի ամբողջ ժողովուրդ ոչնչացնել: Աւելին` այսօրւայ Թուրքիայում յանցանք է համարւում անգամ հայերի հետ պատահածի մասին հարց բարձրացնելը»,- գրում է Քիֆները:
Հեղինակը նշում է, որ Լոս Անջելեսում կենտրոնացած հզօր հայկական համայնքը տարիներ շարունակ ճնշում է գործադրում Կոնգրեսի վրայ` Հայոց ցեղասպանութիւնը դատապարտելու համար: Սրան Թուրքիան պատասխանում է բուռն սպառնալիքներով: Քիֆները յիշեցնում է, որ 2007 թւականի դատապարտող բանաձեւը քիչ էր մնում ընդունւէր, սակայն նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը, հաշւի առնելով, որ Թուրքիան կարեւոր ռազմական դաշնակից է Ա.Մ.Ն.-ի համար, այնպէս արեց, որ բանաձեւը հանւի օրակարգից:
Վերադառնալով Հայոց ցեղասպանութեան բուն հարցին` յօդւածագիրը գրում է, որ տեղի ունեցած ողբերգութեան արմատներն Օսմանեան կայսրութեան անկման մէջ են: Նա յիշեցնում է, որ, իշխանութիւնն իրենց ձեռքը վերցնելով, երիտթուրքերը սկսեցին երկրի «թուրքականացման» գործընթացը: Նրանք մտան Առաջին աշխարհամարտի թոհուբոհի մէջ` կռւելով գերմանացիների կողմից ռուսների դէմ:
Սակայն ռուսներից ծանր պարտութիւն կրելով` երիտթուրքերը մեղադրեցին հայերին եւ նրանց հռչակեցին որպէս թուրքական պետութեան կայացման համար լուրջ սպառնալիք: Ըստ Քիֆների՝ «Դը Նիւ Եօրք Թայմզ»-ը դեռ դարասկզբի հրապարակումներում յստակ նշել է, որ «թուրքերը վարում են քրիստոնիաներին ոչնչացմանն ուղղւած քաղաքականութիւն»:
Միայն 1915-ին հեղինակաւոր հանդէսը 145 անդրադարձ է կատարել հայերի բնաջնջման թեմային: Հեղինակը շարունակում է` գրելով, որ «հայերին թուլացնելու համար» երիտթուրքերը սեփականացնում էին նրանց ունեցւածքը, արտաքսում «վտանգ» ներկայացնող մարդկանց, խլում զէնքը, հեռացնում զինւորական աշխատանքից` հայերին տեղափոխելով աշխատանքային ճամբարներ:
«Ցեղասպանութեան ժամանակ հայերի կրած տառապանքների մասին տւեալները պահպանւել են այն ժամանակւայ արեւմտեան դիւանագէտների, միսիոներների եւ այլոց մօտ: Դրա հետեւանքով Արեւմուտքը խիստ դատապարտել է թուրքերին: Թէեւ այն ժամանակ Թուրքիայի դաշնակից Գերմանիան լուռ էր, սակայն տարիներ անց ի յայտ եկած փաստաթղթերը վկայում են, թէ բարձրաստիճան գերմանացի պաշտօնեաներն ու զինւորականներն ինչպիսի սարսափ են ապրել` տեսնելով տեղի ունեցածը»,- շարունակում է Քիֆները:
Հեղինակը նաեւ մէջբերում է ամերիկացի դիւանագէտ Հենրի Մորգենթաուի խօսքերը, ըստ որոնց՝ «թուրքական իշխանութիւնները մահւան թուղթ էին տալիս մի ամբողջ ազգի»: «Նրանք շատ լաւ գիտակցում էին այս փաստն ու ինձ հետ զրուցելիս առանձնապէս չէին փորձում քողարկել այն»,- վերյիշել է դիւանագէտը: