Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Արդէն կիրակի Բոլիւիայի Սենատի նախագահի տեղակալ, Սենատի գործող նախագահ Սոնեա Գուարդիա Մելգարը եւ Պատգամաւորների պալատի պատգամաւոր Ֆարիդես Վալա Սուարես Դէ Սուարեսը Բոլիւիայի խորհրդարանի ընդունած բանաձեւերը Բուենոս Այրեսում յանձնել են Հայաստանի դեսպան Վահագ Մելիքեանին։

Նոյեմբերի 30-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Հայ առաքելական սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարում, կիրակնօրեայ Պատարագից յետոյ տեղի ունեցած հանդիպման ընթացքում կայացել է այդ փաստաթղթերի յանձնման արարողութիւնը։

Իր խօսքում տկն. Սոնեա Մելգարը, անդրադառնալով Բոլիւիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչմանը, նշել է, որ Բոլիւիայի ժողովուրդն ու իշխանութիւնները ոչ միայն իրենց համերաշխութիւնն ու զօրակցութիւնն են յայտնում հայ ժողովրդին` յանուն արդարութեան պայքարի գործում, այլ նաեւ դատապարտում են 1915 թւականին Օսմանեան Կայսրութեան կողմից իրականացուած Հայոց ցեղասպանութեան փաստի ժխտողականութեան ցանկացած դրսեւորում:

Պատասխան խօսքում Հայաստանի դեսպանը նշել է, որ Հայոց ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցի նախաշեմին Բոլիւիայի կողմից այս ճանաչումը եւս մէկ անգամ ապացուցում է, որ ժխտողականութեան եւ մերժողականութեան քաղաքականութիւնն ի զօրու չէ պայքարելու արդարութեան եւ ճշմարտութեան հաստատման դէմ: