Աղբիւր՝ www.tert.am
Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «The Cut» ֆիլմի ցուցադրութիւնը Թուրքիայում մեկնարկելու է ուրբաթ:
Մինչ այդ գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը հարցազրոյց է տուել թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքին:
Նա նշել է, որ հայերը դրական են արձագանքել իր ֆիլմին եւ սեղմել են նրանց ուղղուած իր ձեռքը: «Սա թուրք ռեժիսոր է նկարել, ուրեմն բոլոր թուրքերը չէ, որ վատն են»,- Ֆաթիհ Աքընի համոզմամբ՝ հայերն այսպէս են մտածում:
Աքընը նշել է, որ այս ֆիլմը Ցեղասպանութիւնը պատմելու համար չի նկարել:
Ռեժիսորի հետ զրուցած լրագրողը նրան բնութագրում է որպէս հանգիստ, հաւասարակշռուած, առանց բարդոյթների մարդ, ով կարողանում է հանգիստ ընդունել իրեն ուղղուած քննադատութիւնը:
Աքընը նշել է, որ մինչեւ 20 տարեկանը «ցեղասպանութիւն» բառն անգամ լսած չի եղել: Եւ երբ առաջին անգամ լսել է այդ մասին, առաջին արձագանքը եղել է. «Մե՞նք, թուրքերը՞, հնարաւոր չէ, մենք նման բան անել չէինք կարող, մենք լաւ մարդիկ ենք: Մեր ընտանիքում էլ մօտեցնում այդ կերպ էր»:
Աւելին՝ Ֆաթիհ Աքընի հայրը թուրք ազգայնական է՝ «Ազգայնական շարժում» կամ, այլ կերպ ասած, «գորշ գայլերի» կուսակցութեան անդամ:
«Թեմայի առնչութեամբ շատ զգայուն էին, ագրեսիւ, խուճապահար վարք տեսայ: Դա հետաքրքրեց անշուշտ: Մտածեցի՝ այստեղ արգելուած բան կայ, խորհրդաւորութիւն կայ, մի բան կայ, որը չգիտեմ: Ես էլ հետաքրքրասէր մարդ եմ, յատկապէս՝ այդ տարիքում: Դրանից յետոյ կարդացի գտածս բոլոր գրքերը՝ նաեւ Ցեղապսանութիւնը ժխտողներինը: Բոլորը կարդացի»,- ասել է նա:
Աւելի ուշ թէ՛ մայրը, թէ՛ հայրը հաւանել են այդ ֆիլմը:
Աքընը նշել է, որ իրեն շատերն են խորհուրդ տուել չանդրադառնալ այդ թեմային:
«Ասում էին՝ մի՛ արա, գլխիդ գործ կը բացես: Սակայն սա իմ կեանքն է, իմ որոշումներն են: Ի հարկէ, նաեւ կարեւոր է այն, թէ ինչպէս կ'ընդունեն դիմացիններս: Ֆիլմի թիրախում հետեւեալ խնդիրն է՝ «նրանք են մեզ սպանել» ասող թուրք հանդիսատեսի կարծիքը փոխելը: Ֆիլմն այդպէս էր կառուցուած: Որոշակի պահից յետոյ մոռանում ես, որ նրանք քրիստոնեայ են, հայ են: Մի հայր է, որը զաւակներին է փնտրում»,-ասել է նա:
Աքընը նաեւ նշել է, որ իր ֆիլմին դէմ արտայայտուողներ շատ կան, բայց նրանք ֆիլմը չդիտողներն են:
«Դա ռեֆլեքս է, իսկ ֆիլմի իրական նպատակը քննարկում սկսելն է: Ֆիլմի հիմքում խօսքի ազատութիւնն է: Լաւ, դու այն ցեղասպանութիւն մի կոչիր, այսպէս կոչուած ցեղասպանութիւն ասա, կամ տեղահանութիւն: Ես մտածում եմ, որ դա Ցեղասպանութիւն էր: Իմ իրաւունքը մի՛ ոտնահարիր»,- ասել է նա:
Հարցին, թէ նման ֆիլմը որպէս Թուրքիայի դէմ իրականացուած թշնամանք ընկալողները շա՞տ են արդեօք, Աքընը պատասխանել է. «Իրականում ճիշտ հակառակը տեղի ունեցաւ: Այս ֆիլմի վրայ աշխատելու ընթացքում որոշակի խտրականութեան հանդիպեցի: Տարբեր հայերի հետ հանդիպեցի: Հայերի որոշ խմբեր շոկ էին ապրում՝ իմանալով, որ թուրք եմ։ Հարցնում էին՝ քրիստոնեա՞յ եմ, պատասխանում էի՝ ոչ: Սառն էին վերաբերւում: Հետաքրքիր էր, որ շատերն ինձ անտեսում էին, քանի որ մայրս ու հայրս թուրք են: Սակայն ֆիլմս ողջ աշխարհի հայերը շատ հաւանեցին ու դրական են արձագանքում: Նրանց ձեռք եմ մեկնել, եւ հայերը բռնել են իրենց ուղղուած իմ ձեռքը»:
Հեղինակը, սակայն նշել է, որ իր ֆիլմն Արեւմուտքում չեն հաւանել: