Աղբիւր՝ www.armenpress.am

 

Թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը յոյս ունի, որ իր նկարահանած «Խզում» ֆիլմը կարող է կամուրջ դառնալ թուրքերի եւ հայերի միջեւ:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին ռեժիսորը պատմել է թուրքական «Միլլիեթ» պարբերականին տուած հարցազրոյցում: Նա ընդգծել է, որ այդպիսով գրեթէ իրականացրել է իր երազած ֆիլմը:

«Ցեղասպանութիւն» եզրոյթին առաջին անգամ հանդիպեցի մօտ 20 տարեկանում: «Մե՞նք` թուրքե՞րս, ոչ, մենք այդպիսի բան չենք անի, մենք լաւ մարդիկ ենք»,-այսպիսին էր իմ առաջին արձագանքը: Բնականաբար, մեր ընտանիքի տեսակէտն էլ էր այդպիսին»,-պատմել է Աքընը` նշելով, որ իր հայրը «Ազգայնական շարժում» կուսակցութիւնից էր: Նա ներկայացրել է, թէ ինչպէս է ժամանակի ընթացքում հասկացել, որ այս թեմայով խօսակցութիւնների վրայ տաբու կայ: «Այստեղ արգելք կայ, մութ կողմեր կան, անյայտ ինչ-որ բան կայ: Ես էլ հետաքրքրասէր մարդ եմ, այն էլ` արգելուած ժամանակ: Այդ տարիքում ձեռքիս տակ եղած ժխտող կամ ապացուցող բոլոր գրքերը կարդացի»,- նշել է ռեժիսորը:

Նա պատմել է, թէ ինչպէս են ծնողները սկզբում վախեցել, երբ յայտնել է, թէ ինչ ֆիլմ է ցանկանում նկարահանել: «Նրանք ինձ ասացին. «Մի արա նման բան, ինչ կարիք կայ, տղայ’ս, գլխիդ գործ մի բացիր»: Սակայն իմ կեանքն է, իմ որոշումները»,- ներկայացրել է Աքընը: Նրա հաւաստմամբ, ֆիլմը կառուցուած է այնպէս, որ այն դիտողները մոռանան, թէ ով են ու ինչ են մտածում եւ ընկղմուեն մի հօր պատմութեան մէջ, ով փնտրում է իր երեխաներին: «Ֆիլմի իրական նպատակը քննարկում առաջացնելն է: Ֆիլմի ամբողջ գաղափարը մտքի ազատութիւնն է: Շատ լաւ, դու սրան «ցեղասպանութիւն» մի ասա, ասա «այսպէս կոչուած ցեղասպանութիւն», ասա «կոտորած», ասա «աքսոր», ես այս դէպքերն անուանում եմ «Ցեղասպանութիւն»: Տուր ինձ այդ իրաւունքը»,- նշել է ռեժիսորը` ընդգծելով, որ ֆիլմը ստեղծուել է հէնց այդ մօտիւացիայի հիման վրայ:

Աքընը սխալ է համարել այն մարդկանց կարծիքները, թէ ֆիլմը թշնամանք է Թուրքիայի նկատմամբ: «Ցեղասպանութիւն է եղել եւ բոլոր կառավարութիւններն ասացին. «Ոչ, նրանք են մեզ սպանել»: Սակայն այժմ մի ֆիլմ է նկարահանուել, եւ ողջ աշխարհի հայերն այն հաւանել են: Ես նրանց ձեռք մեկնեցի, եւ նրանք այդ ձեռքը բռնեցին, ընդունեցին»,- նշել է ռեժիսորը` բնական եւ ընդունելի համարելով նաեւ իր հասցէին հնչեցուող բացասական կարծիքները: