Աղբիւր՝ www.tert.am
Մօտեցող 2015 թուականը քննութիւն է լինելու ամբողջ աշխարհի համար` իրենց իրական դէմքը եւ պահուածքը ի ցոյց դնելու հարցում. ես կարծում եմ, որ Բոլիւիայի այս քայլը պէտք է վարակիչ լինի միւսների համար: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց թուրքագէտ Ռուբեն Մելքոնեանը` անդրադառնալով Բոլիւիայի խորհրդարանի 2 պալատներն կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման վերաբերեալ օրինագծի ընդունմանը:
«Կարծում եմ, որ որքան 2015 թուականը մօտենայ, այնքան քաղաքակիրթ աշխարհը պէտք է առերեսուի ճշմարտութեան հետ, դատապարտի համաշխարհային չարիքը, ցանկացած քաղաքակիրթ պետութեան համար դա անհրաժեշտ քայլ է»,-ասաց Ռուբեն Մելքոնեանը:
Մասնաւորապէս, Բոլիւիայի կողմից օրինագծի ընդունման հարցում, թուրքագէտը կարծում է, որ այստեղ համադրուել են երկու խնդիրներ. առաջինը՝ այդ իշխանութիւնների քաղաքական կամքը եւ պատմական խնդիրներին ճշմարտացի մօտեցումը, եւ երկրորդ՝ մեր պետութեան, սփիւռքի մեր կառոյցների համակարգուած աշխատանքը, ինչն էլ տուել է այս արդիւնքը:
«Կարող եմ ասել, որ մեր Ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում հերթական կարեւոր քայլերից մէկն էր»,-ասաց նա:
Հարցին, թէ հաշուի առնելով, որ Ցեղասպանութեան ճանաչման հարցում կարեւոր դեր ունի նաեւ տուեալ պետութեան քաղաքական շահերը, եւ այս դէպքում որքանո՞վ են դրանք դեր խաղացել Բոլիւիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչման հարցում, թուրքագէտն ասաց. «Ընդհանրապէս, Բոլիւիան մեր տարածաշրջանային խնդիրներից բաւականին հեռու է, եւ թուրքական շանտաժները, սիրաշահումները ու սպառնալիքները մի փոքր կարող են շրջանցել Բոլիւիային: Բացի այդ, երեւի թէ պետութեան իմիջը տարածաշրջանային քաղաքական հաշուարկներից այս պահին բոլիւիական իշխանութիւնների համար աւելի կարեւորուել է: Ինչպէս նաեւ, ես կարծում եմ, որ մեր իշխանութիւնները եւ լոբբին եւս դեր ունեն»:
Ռուբեն Մելքոնեանի դիտարկմամբ` դիւանագիտութիւնը այնպիսի մի ասպարէզ է, որտեղ արդիւնքներն անմիջապէս ի յայտ չեն գալիս, իսկ այդ տարածաշրջանի նկատմամբ մեր արտաքին քաղաքական գերատեսչութիւնը վաղուց անում է պարբերական քայլեր` յարաբերութիւնների բարելաւման եւ խորացման ուղղութեամբ, ինչպէս նաեւ մեր լոբբիստական խմբերը, սփիւռքեան կառոյցները բաւական ակտիւ են այդ տարածաշրջանում:
Ինչ վերաբերում է միւս երկրների կողմից Ցեղասպանութեան ճանաչման հաւանականութեանը, ապա թուրքագէտն ասաց. «Ես ամէն դէպքում հակուած չեմ կարծելու, որ մենք պէտք է շատ կարեւորենք տարբեր պետութիւնների կողմից ճանաչումը, քանի որ, ըստ էութեան, Հայոց ցեղասպանութիւնն արդէն բաւականին ճանաչուած է եւ ճանաչման առումով իր սահմանները բաւականին ընդլայնել է: Սակայն, այնուամենայնիւ, կարծում եմ, որ կը լինեն էլի պետութիւններ, որոնք 2015 թուականին ընդառաջ իրենց յստակ դիրքորոշումը կ'արտայայտեն»:
Չնայած դրան, նա գտնում է, որ Ցեղասպանութեան ճանաչման հարցում քաղաքական առումով մեր ակնկալիքները չորս երկրներից պէտք է լինեն՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իսրայէլից եւ Ա.Մ.Ն.-ից:
«Այս երկրների հետ, բացի բարոյական հարցերից, կան նաեւ այլ խնդիրներ, մասնաւորապէս՝ թուրք-գերմանական յարաբերութիւններում առկայ լարուածութիւնը, Գերմանիայում ապրող թուրքական համայնքի լկտի պահուածքը: Իսկ Ա.Մ.Ն.-ի դէպքում` Նախագահի խոստումը, մեր լոբբիստական ընկերութիւնների աշխատանքը»,-ասաց նա:
Նա նշեց, որ այժմ, երբ աշխարհը բախուել է համաշխարհային մի չարիքի հետ, ինչպիսին ահաբեկչութիւնն է, իսլամական ծայրայեղութիւնը, առաջին հերթին Ա.Մ.Ն.-ն, որն իրեն հռչակել է ժողովրդավարութեան դրօշակակիր, պէտք է յստակ գնահատական տայ այն չարիքին, որից բխում են ներկայիս չարիքները:
«Այսինքն` չդատապարտելով 1915 թուականը` ուղղակի կեղծ է դատապարտել ներկայիս ծայրահեղականութիւնը»,-յաւելեց նա: