Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Բոլիվիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող, հանցագործութիւնը դատապարտող եւ Հայ ժողովրդին զօրակցութիւն յայտնող բանաձեւը:

Սենատի նախագահ սենատոր Սոնիա Գւարդիա Մելգարը "Պրենսա Արմենիա" հայկական լրատւականին ասել է, որ միաձայն հրապարակւած բանաձեւը ընդունւել է ինչպէս Ներկայացուցիչների պալատի, այնպէս էլ Սենատի կողմից՝ նախապէս արժանանալով Արտաքին գործերի նախարարութեան հաւանութեանը:

"Մենք մեր լիակատար աջակցութիւնը, համերաշխութիւնն ու զօրակցութիւնն ենք յայտնում ինչպէս հայ ժողվրդին, այնպէս էլ քրդերին, քանի որ մեր պետական Սահմանադրութիւնն` օրէնքների օրէնքը մերժում է խտրականութիւնը, մարդու իրաւունքների խախտումը եւ ցեղասպանութիւնները":

Նա յաւելել է, որ նկատի ունեն 1915-23 թւականներին հայերի դէմ Թուրքիայի պետութեան գործած յանցանքը:

Բանաձեւի ամբողջական տեքստը հետեւեալն է՝ "Բոլիվիայի Օրէնսդիր Ժողովը կիսում եւ զօրակցում է հայ ժողովրդի պահանջատիրական պայքարը՝ յանուն մարդու իրաւունքների պաշտպանութեան, ճշմարտութեան եւ արդարութեան հաստատման: Նա յայտարարում է իր զօրեղ յանձնառութիւնը մարդու իրաւունքների եւ արդարութեան պաշտպանութեան ուղղութեամբ եւ դատապարտում Հայ ժողովրդի դէմ գոծադրւած Ցեղասպանութեան եւ կրած տառապանքների ժխտման քաղաքանութիւնը":

Յիշեցնենք, որ լատինաամերիկեան այս երկրից զատ այդ մայրցամաքում Ցեղասպանութիւնը պաշտօնապէս դատապարտել են նաեւ Ուրուգւայը եւ Արգենտինան: Ուրուգւայն ընդհանրապէս առաջին պետութիւնն է, որ նման փաստաթուղթ է ընդունել: