Աղբիւր՝ www.armenpress.am
Աշխարհահռչակ System of a Down ռոք-խումբը Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպուող համաշխարհային շրջագայութիւնից առաջ յայտարարութեամբ է հանդէս եկել: Յայտարարութեան մէջ խումբն անդրադարձել է Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտութեանը, որը կարեւոր նախապայման է ապագայում ցեղասպանութիւնները կանխելու գործում: Ստորեւ «Արմէնպրես»-ը ներկայացնում է յայտարարութեան տեքստն ամբողջութեամբ:
«20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնն իրականացուել է Օսմանեան թուրքերի կողմից հայ, յոյն եւ ասորի բնակչութեան նկատմամբ: Ոճրագործութիւնը կանխարգելելու եւ մեղաւորներին պատժելու անկարողութիւնը բերել է մեր ժամանակներում ցեղասպանութեան կրկնութեանը:
Առաջին աշխարհամարտի տարիների զանգուածային ջարդերի իրականացնողները չեն ենթարկուել Նիւրնբերգեան տեսակի հետապնդումների. ոչ մի միջազգային դատարան արդար դատավճիռ չի կայացրել մեղաւորների հանդէպ կամ զոհերի իրաւունքների վերականգնման եւ փոխ-հատուցման ընթացակարգ չի իրականացրել:
Արդարադատութեան փոխարէն Թուրքիան օգտագործել է նաւթին հասանելիութեան իր իրաւունքները եւ օգտագործել աշխարհաքաղաքական կապիտալը, որպէսզի արգելի Հայաստանի համար Վուդրօ Վիլսոնի նախատեսած տարածքային վերականգնումն ու փոխ-հատուցումը:
Թուրքական պետութիւնը, չկրելով պատասխանատուութիւն մի ամբողջ ազգ ոչնչացնելու համար, շարունակում է քաղել յանցագործութեան իր հարուստ պտուղները: Այդ պետութեան առաջնորդները, ովքեր աշխարհի կողմից խրախուսուում են իրենց անգործութեան համար, այսօր փորձում են կիրառել լռեցնելու քաղաքականութիւնը` արգելելով Միացեալ նահանգներին եւ այլ երկրների կառավարութիւններին խօսել այս ոճրագործութեան մասին:
Առաջին ժամանակակից ցեղասպանութեան սարսափելի պատմութիւնները հեղեղել են «Նիւ-Եորք Թայմզ»-ի առաջին էջերը 1915-ից սկսած: Միացեալ նահանգների մարդասիրական արձագանքն այդ ոճրագործութեանը դրսեւորուել է ամերիկեան Կարմիր խաչի գործունէութիւնից սկսած մինչեւ «Ամերիկեան մերձաւոր-արեւելեան նպաստամատոյց կազմակերպութեան» քայլերը, որոնք մատնանշում են Ա.Մ.Ն.-ի գլխաւորութիւնը միջազգային մարդասիրութեան ոլորտում: Սակայն մինչ այժմ աշխարհը ձախողել է ցեղասապանութեան մեղաւորների պատժի իրականացումը, ինչը ցեղասպանութիւնների չկանխարգելման վտանգաւոր նախադէպ է` խրախուսելով բռնակալների կողմից` Հիտլերից մինեւ Ալ Բաշիր, զանգուածային սպանութիւնների մեթոդը որպէս իշխանութեան եւ ուժի գործիք կիրառումը:
Գերմանական բանակը` դաշնակցելով Օսմանեան Թուրքիայի հետ եւ տեսնելով Թուրքիայի` պատասխանատուութիւնից խուսափելը, այս կոտորածներից սարսափելի դաս է քաղել այն մասին, թէ ինչպէս աշխարհը պատրաստ է աչք փակել պատերազմի պատրուակի ներքոյ մի ամբողջ ռասայի ծրագրաւորուած ոչնչացման վրայ: Համաշխարհային պատերազմում Ադոլֆ Հիտլեր անունով մի երիտասարդ գերմանացի զինուոր աւելի ուշ նշեց` «Ո՞Վ Է ՅԻՇՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ»` կազմակերպելով այն, ինչն այսօր կոչւում է Հոլոքոստ:
Մեր պատասխանն է, «ԱՅՈ՛, ՄԵՆՔ ԿԱՆԵՆՔ ԴԱ»:
Մենք այլեւս թոյլ չենք տայ բռնապետների յանցագործութիւնները` զուգորդուած գեր-տէրութիւնների ագահութեան, պաշարներն իւրացնելու եւ մեր պատմութիւնը գրելու վերջիններիս հետաքրքրութիւնների հետ:
Չնայած Մ.Ա.Կ.-ի Ցեղասպանութեան մասին կոնուենցիային եւ բազմաթիւ միջազգային մասնագիտացուած մարմիններին` ներառեալ Ա.Մ.Ն.-ի Կոտորածների կանխարգելման գործակալութեանը, այս մարդածին հիւանդութիւններից ամենավատը շարունակում է տարածուել, որովհետեւ աշխարհի պատասխանը ցեղասպանութեանը դիտարկւում է որպէս քաղաքական ընտրութիւն, այլ ոչ թէ բարոյական անհրաժեշտութիւն:
Պահանջելով Հայոց ցեղասպանութեան հարցի ճշմարտացի եւ արդար կարգաւորում` մենք ասում ենք` ցեղասպանութիւններն այլեւս երբէք չեն կրկնուելու: Մենք այլեւս երբէք կողքից չենք հետեւի, թէ ինչպէս են մարդիկ սպանւում որեւէ ռասսայի, էթնիկ կամ կրօնական խմբի պատկանելու պատճառով` ինչպէս դա տեղի ունեցաւ Թուրքիայում, նացիստական Եւրոպայում, Արեւելեան Թիմորում, Ռուանդայում կամ Դարֆուրում:
Թուրքիայի ներսում արդէն կան քաջ ոգիներ, ովքեր քրէական հետապնդումների, հալածանքների եւ անգամ բռնութեան սպառնալիքի ներքոյ բացայայտօրէն կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը եւ փոխ-հատուցել դրա համար: Շատ այլ թուրք քաղաքացիներ էլ կիսում են այս մարդասիրական արժէքները, սակայն դեռեւս չեն բարձրաձայնում դրա մասին` վախենալով կառավարութիւնից, որն արդէն երկար ժամանակ է խոչընդոտում է խաղաղութեանը, որը կարող է լինել միայն ճշմարտութեան եւ արդարութեան միջոցով: Ժամանակն է կոտրել լռութիւնը:
Հարիւրերորդ տարելիցի յիշատակման հանդիսաւոր արարողութիւնների շրջանակներում խնդրում ենք` միացէք մեզ եւ Թուրքիայի բարեգութ մարդկանց ճշմարտութեան եւ արդարութեան համար դիրքորոշում որդեգրելու նպատակով պահանջէք նրանց նախագահից եւ խորհրդարանից ընդունել Թուրքիայի հանրապետութեան բարոյական եւ նիւթական պատասխանատուութիւնը Հայոց ցեղասպանութեան հարցում:
Ձեր օգնութեան միջոցով, որպէս Թուրքիայի ժողովրդի մարդասիրական համերաշխութեան ոգով ձեռնարկած պատմական քայլեր` սրտացաւ կարեկցանքը եւ արդարութիւնը ոչ միայն կապաքինեն մէկ ցեղասպանութեան վէրքերը, այլեւ առաւել լայն իմաստով կը ներկայանան իբրեւ իրական փոխակերպող քայլ դէպի նոր փուլ` մի դարաշրջան, որը զերծ կը լինի ցեղասպանութիւնից։
Շնորհակալութիւն»: