Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

2015 թուականի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենայ Հայոց Ցեղասպանութեան նահատակների սրբադասման արարողութիւնը: Այս որոշումը կայացուել է օրերս գումարուած եպիսկոպոսաց ժողովում: Մեր եկեղեցու բարձրագոյն իշխանութեան մարմինը նաեւ ընդունել է փաստաթղթերի փաթեթ, որով Մկրտութեան ծէսը պէտք է միօրինակ լինի հայ առաքելական բոլոր եկեղեցիների համար: Մկրտուողների համար պատրաստուել է նաեւ ուսուցողական ձեռնարկ:

 Հայ Առաքելական եկեղեցու վերջին սուրբը Մովսէս Տաթեւացին է՝ 17-րդ դար: Դարերի ընդմիջումից յետոյ մեր եկեղեցական տօնացոյցում փոփոխութիւն կը կատարուի: Եպիսկոպոսաց ժողովը քննարկել եւ որոշել է՝ 2015 թուականի ապրիլի 23-ին սրբադասել Հայոց Ցեղասպանութեան նահատակներին: Պատրաստւում են նրանց յիշատակման համար անհրաժեշտ բաղադրիչները՝ շարական, սրբապատկեր, վկայաբանութիւն:

Մայր Աթոռի դիւանապետն ասում է՝ 400 տարի մեր եկեղեցին ոչ թէ սրբեր չի ունեցել, այլ սրբադասում չի կատարուել: Աւանդութեան համաձայն, սրբադասում կատարուել է 2 ճանապարհով՝ կաթողիկոսական կոնդակով կամ ժողովրդի պահանջով ու խնդրանքով: Սրբադասման յստակ արարողակարգ յայտնի չէ, բայց կան անհրաժեշտ պայմաններ: «Անձը պէտք է քրիստոնէական հաւատքով, նուիրումով, սխրանքով ապրած լինի: Երկրորդ` կարեւոր դերակատարութիւն ունեցած լինի եկեղեցու զարգացման, առաքելութեան իրականացման ճանապարհին: Երրորդ` պէտք է նահատակուած լինի հաւատքի համար: Չորրորդ` պէտք է համաժողովրդական, համաեկեղեցական ընդգրկումի սպասում առաջացած լինի իր անձի նկատմամբ: Դա չի նշանակում, որ որեւէ մէկն այս 4 պայմանները պէտք է միաժամանակ բաւարարի: 4 պայմաններից իւրաքանչիւրն էլ բաւարարելու դէպքում սրբադասում կատարւում է»,- ասաց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիւանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրեանը։

  Եկեղեցական տօնացոյցում ապրիլի 24-ը նշուելու է որպէս Ցեղասպանութեան ընթացքում հայրենիքի եւ հաւատքի համար նահատակուածների յիշատակութեան օր: Արշակ սրբազանն ասում է, որ սրբադասումը հաւաքական է, նահատակների թիւ չի նշուելու:

Ի պատասխան դիտարկմանը, թէ Ցեղասպանութեան զոհերի մէջ նաեւ այլադաւաններ ու անհաւատներ են եղել, եւ հիմնականում յայտնի չեն նրանց կեանքի մանրամասները, դիւանապետը յիշեցնում է՝ անմեղ մարդ չկայ, Քրիստոսի առաքեալներն էլ հաւատքի մէջ երբեմն տատանուել են:  «Մենք որոշակիութիւն չենք մտցնում նրա մէջ, որ բոլոր նահատակուածները սրբադասւում են: Մենք ասում ենք՝ բոլոր նահատակուածները, ովքեր նահատակուեցին հաւատքի եւ հայրենիքի համար: Երկրորդ, երբ մենք ասում ենք՝ նահատակութիւնն ուղեկցուել է հաւատքի խոստովանութեամբ, հաւատքը փոխելու պահանջի դիմակայութեամբ, մենք արդէն երկրորդական ենք համարում, թէ նախորդ շրջանում մարդն ինչպիսի կեանքով է ապրել: Կարեւոր է դառնում, որ ինքն իր հաւատքը խոստովանեց իր արեամբ եւ իր մահով»,- ասաց Եպիսկոպոս Խաչատրեանը: «Հասարակական մեծ հնչողութիւն ստացած ցանկացած հարց քաղաքական որոշակի երանգ պարունակում է»,- ասում է Արշակ եպիսկոպոսը: Սրբադասումը եւս կ'ունենայ քաղաքական արձագանքներ, բայց եկեղեցու խնդիրն ի սկզբանէ քաղաքական չէ: «Սրբադասման արարողութիւնը հոգեւոր ակտ է: Պիտի որոշակի քաղաքական ազդեցութիւն գործի, քաղաքական մեկնաբանութիւններ տրուեն, բայց դա չէ, բնականաբար, մեր առաջին մտահոգութիւնն ու նպատակը»: Այսպիսով, մեր եկեղեցում կը վերականգնուի սրբադասման՝ շուրջ 400 տարի առաջ ընդհատուած աւանդոյթը: Յանձնախումբն ուսումնասիրելու է նաեւ անհատական սրբադասման կարգը՝ նկատի ունենալով Կոմիտաս վարդապետին եւ այլ անհատների: