Աղբիւր՝ www.armenpress.am

 

Ֆրանսիական TV5Monde-ը լայնածաւալ յօդուած է հրապարկել Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի վերաբերեալ: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` յօդուածում ընդգծւում է, որ Թուրքիան մտահոգուած է Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցով, չնայած որ այդ երկրի վարչապետը բազմիցս է հանդէս եկել ժխտողականութեամբ:  Յօդուածագիրը նշում է, որ Հայոց ցեղասպանութիւնը 20-րդ դարում բնակչութեանը բնաջնջելու յատկանիշով առաջին յանցագործութիւնն է:

Միաժամանակ, յօդուածի հեղինակ Պասկալ Պրիեստլին մէջբերել է Թալէաթ Փաշայի հեռագիրը, որում վերջինս նշում է. «Կառավարութիւնը որոշել է ոչնչացնել Թուրքիայում ապրող բոլոր հայերին: Մենք պէտք է վերջ տանք նրանց գոյութեանը, անկախ տարիքից եւ սեռից: Խիղճը այստեղ չպէտք է գործի»:

«Պատմաբանների մեծամասնութեան վկայութիւնների համաձայն` Հայոց ցեղասպանութեանը զոհ է գնացել 1,5 մլն մարդ: Թալէաթ Փաշան Թուրքիայում մինչ օրս հեղինակութիւն է: Ստամբուլում է նրա դամբարանը, ողջ երկրում առկայ են նրա անունով կոչուած այգիներ, իսկ Ցեղասպանութիւնն արգելուած թեմա է` ժխտողականութեան դիւանագիտութեան պայմաններում: 100 տարի անց Թուրքիան ժխտում է իրականութիւնը:

Վերջին 40 տարում միայն Հայոց ցեղասպանութեան մասին սկսուեց բարձրաձայնուել եւ հետզհետէ Թուրքիան իր դիրքորոշմամբ սկսում է մեկուսանալ` հանդիպելով միջազգային ճնշումների: 2014 թուականին Թուրքիայի այն ժամանակուայ վարչապետ Ռեջեփ Էրդողանն առաջին անգամ ցաւակցութիւն յայտնեց 1915-ի «ջարդեր»-ին զոհ գնացածների թոռներին ու նշեց, թէ կիսում է նրանց ցաւը, բայց շուտով սկսեց ժխտել Հայոց ցեղասպանութեան փաստը»,- նշել է յօդուածագիրը:

Յօդուածում շեշտւում է, որ Թուրքիան քաջատեղեակ է 1915-ի իրադարձութիւնների միջազգային յիշատակման ուղղութեամբ իրականացուող եւ նախատեսուող քայլերին եւ փորձում է պայքարել դրանց դէմ:

Լայնածաւալ յօդուածում Պասկալ Պրիեստլին ներկայացրել է նաեւ հայ ժողովրդի պատմութիւնը, թէ ինչով են այն զբաղուել պատմական հայրենիքում:        

Ի դէպ, յօդուածը հրապարկուել է ամերիկացի դիւանագէտ, Հայոց ցեղասպանութեան տարիներին Թուրքիայում Ա.Մ.Ն.-ի դեսպան Հենրի Մօրգենթաուի հեղինակած լուսանկարով, որտեղ ներկայացւում են ոչնչացուած բազմաթիւ հայերին պատկերող տեսարանը: