Աղբիւր՝ www.tert.am

 

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ լոյս է տեսել «Հայոց ցեղասպանութեան գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարաւորութիւնները» վերնագրով գիրք, որի շնորհանդէսն այսօր տեղի ունեցաւ Հ.Հ.-ի Գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան ինստիտուտում:

Գրքի հեղինակ, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Արմէն Մարուքեանի խօսքով՝ բոլորովին պատահական չէ, որ 2008 թւականից սկսւեց ուսումնասիրւել Հայոց ցեղասպանութեան պատմա-իրաւական հանգամանքները: Եւ գիրքը լոյս ընծայելու համար ստեղծւած էր հիմք, այն կէս տարում արւած ուսումնասիրութիւն չէ:

«Մեր տասնամեակների անհամարձակութիւնը մեր հարեւանին դարձրել է սանձարձակ, գոնէ տարելիցին ընդառաջ պէտք է համարձակ լինել»,- ասաց նա:

Գրքում ներկայացւած է Թուրքիային ուղղւած հայոց պահանջատիրութեան իրաւական հիմքերը: Եւ ինչպէս հեղինակը նկատեց, հայցի պատրաստումը դեռեւս չի նշանակում, որ անմիջապէս այն պէտք է ներկայացնել դատարան. «Մինչեւ մենք այն իրաւական ֆօնը չստեղծենք, շատ վտանգաւոր է մտնել դատարան»:

Շնորհանդէսի ժամանակ Պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը նկատեց՝ 1965 թւականից յետոյ Ցեղասպանութեան հարցում հայութիւնը սխալ ուղիով է ընթացել. «Թուրքերը մեզ ներքաշել են անիմաստ ճանաչման պայքարի մէջ: Եթէ ներքաշւում ես մի բանավէճի մէջ, փաստօրէն յայտնւում ես թուրքերի կողմից լարած այդ թակարդում»:

Պատմաբանը նաեւ նշեց, որ հայութիւնն այնքան գաղափարական առումով աճեց վերջին տասնամեակում, որ հաւատաց պահանջատիրութեան գաղափարին: Եւ ովքեր այդ հանգամանքին քմծիծաղով էին վերաբերում, հիմա պետական մակարդակով խօսում են դրան հասնելու անհրաժեշտութեան մասին:

Անդրադառնալով գրքի բովանդակութեանը՝ Աշոտ Մելքոնեանը կարեւորեց, որ հեղինակը ներկայացնում է նաեւ, թէ Ցեղասպանութեան ինչ նախադէպեր կան միջազգային պրակտիկայում, ինչը հայութեանը թոյլ կը տայ պահանջատիրութեամբ հանդէս գալ:

«Մենք բոլորս սկսել ենք 100-րդ տարելիցին ընդառաջ միաւորւել մի գաղափարի շուրջ եւ դա պէտք է կարողանանք պահել նաեւ այդ տարելիցից յետոյ»,- ասաց նա:

Իրաւական տեսանկիւնից աշխատանքը բաղկացած է երկու մասից, եւ ինչպէս գրքի շնորհանդէսին ներկայ իրաւաբան Վլադիմիր Վարդանեանը նկատեց, շատ լուրջ մակարդակի իրաւական հետազօտութիւն է ներկայացուած գրքում: Առաջին հատւածը վերաբերում է անցեալին, երկրորդը՝ ապագային:

«Այսպիսով` առաջին անգամ թուրքական իրաւագիտութիւնը բախւեց իրավիճակի, որ ուղղակիօրէն հանդիպում են դատական ատեանում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտօնական դիրքորոշումների հարցում»,- ասաց նա եւ եզրափակեց խօսքը. «Դատապարտւած ենք այս խնդրում ուղղակի յաղթելու»:

Վերջինիս ներկայացմամբ՝ գրքում բաւական հետաքրքիր մօտեցումներ կը գտնեն բոլոր այն մարդիկ, ովքեր կասկածներ ունեն Ցեղասպանութեան որոշ փաստերի շուրջ:

Գիրքը հրատարակւել է Հ.Հ.-ի նախագահի գրասենեակի գործընկեր կազմակերպութեան՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի յայտարարած դրամաշնորհի շրջանակում: Այն լոյս է տեսել 500 օրինակով, բայց որոշել են նաեւ էլեկտրոնային տարբերակը տեղադրել Երեւանի պետական համալսարանի եւ Պատմութեան ինստիտուտի կայքերում: