Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան բնագաւառում երկու կարեւոր տեսութիւններ հեղինակելու համար «Արեւմտահայոց ազգային համագումարը» Գէորգ Տփղիսեցի կաթողիկոսի յուշամեդալ շնորհեց թուրք պատմաբան, հասարակական գործիչ Իսմայիլ Բեշիկչիին:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ Գէորգ հինգերորդ Սուրէնեանց (Տփղիսեցի) յուշամեդալը հիմնւել է 2014 թ. հոկտեմբերի 12-ին, այն թուրք մտաւորականների համար, ովքեր իրենց գործունէութեամբ եւ աշխատութիւններով դէմ են կանգնել Հայոց Ցեղասպանութեան ժխտման յանցագործութեանը եւ առաջ քաշել Ցեղասպանութեան ճշմարտութեան վերաբերեալ կարեւոր տեսութիւններ եւ ապացոյցներ:

Իսմայիլ Բեշիկչին միջազգային ճանաչման է հասել քրդական հարցի ուսումնասիրմամբ եւ համարւում է այդ հարցի ամենայայտնի փորձագէտն ու քրդական հարցի նախահայրը: Իր գաղափարների համար Իսմայիլ Բեշիկչին 17 տարի անցկացրել է բանտերում: 1970-ականներից Իսմայիլ Բեշիկչին բազմիցս գրել է նաեւ Հայոց Ցեղասպանութեան մասին: Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ իր ուսումնասիրութիւններով նա ամրագրել է երկու հիմնական տեսութիւններ: Առաջինն այն է, որ քուրդ-թուրքական քաղաքական մրցակցութիւնը ծագել է հայութեան ունեցւածքի, բնակելի եւ հողատարածքների կողոպտելու թուրք ազգայնական ծրագրի պատճառով, եւ որ այդ պատճառով թուրք-քրդական խնդիրը կը լուծւի միայն այն ժամանակ, երբ կը լուծւի Հայկական Հարցը: Եւ երկրորդը՝ Հայոց Ցեղասպանութիւնը ողջ Մերձաւոր Արեւելքի բնիկ ժողովուրդների բնաջնջման թուրք ազգայնական նախագծի կարեւոր մասն է եղել: «Իմ ուսումնասիրութիւնների ընթացքում ես եկել եմ այն եզրակացութեան, որ պետութիւն չունեցող ազգերն են միշտ ցեղասպանութեան ենթարկւել: Այսօր մենք այցելեցինք Ծիծեռնակաբերդ՝ Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր եւ ինստիտուտ, եւ իմ կոչը ցեղասպանութիւնն ուսումնասիրող բոլոր ինստիտուտներին այն է, որ ուսումնասիրեն այս հարցը»,- ասաց թուրք մտաւորականը՝ յաւելելով, որ եթէ հայերի Ցեղասպանութեան յանցագործութիւնը ժամանակին պատժւէր, քրդական հարցն այսքան չէր բարդանայ:

«Արեւմտահայոց ազգային համագումարը» Բեշիկչիի հետ Հայաստան է հրաւիրել նաեւ Թուրքիայում յայտնի իրաւաբան, մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցերով ակտիւիստ եւ քուրդ քաղաքական գործիչ Օսման Բայդեմիրին, որը 1999 թւականից եղել է Օջալանի փաստաբանը, իսկ 2004-2014 թւականներին՝ Դիարբեքրի քաղաքապետը: Այս երկու գործիչներին ուղեկցում են «Իսմայիլ Բեշիկչի» հիմնադրամի խորհրդի նախագահ Ռուսան Արսլանը, այդ հիմնադրամում Հայկական Հարցը համակարգող, երիտասարդ գիտաշխատող Կադըր Քաչանը, Իսմայիլ Բեշիկչիի օգնական Նուրհան Յիլմազը, Թուրքիայում ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները պաշտպանող կին ակտիւիստ Նուրկան Կայանը, ծպտեալ հայ Թուրքայ Աբդուլգաֆուրը, որը կրօնադարձ է եղել եւ Դիարբեքրում այսօր կազմակերպում է հայացող համայնքը: