Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Միացեալ նահանգների նախագահի աշխատակազմը հաստատել է, որ նոյեմբերի 18-26-ը Սպիտակ տան այցելուների սրահում ցուցադրութեան կը հանւի Հայոց ցեղասպանութեան որբերի գործած գորգը:

Տեղեկութիւնը յայտնում է «Վաշինգտոն փոստ» թերթը: Դեռ անցեալ դեկտեմբերին գորգը պէտք է ցուցադրւէր Սմիթսոնեան ինստիտուտում, սակայն Սպիտակ տունն առանց բացատրութեան մերժել էր գորգը յանձնել հանրային ցուցադրութեան:

10 ամսում իրենց գործած այս գորգը Ցեղասպանութեան պատճառով որբացած հայ դեռահասները 1925-ին նւիրել են Ա.Մ.Ն.-ի նախագահ Քելւին Քուլիջին՝ որպէս երախտիքի նշան իրենց ցուցաբերւած ամերիկեան մարդասիրական օգնութեան համար:

Իսկ 2013-ին, երբ մերժւեց գորգը ցուցադրութեան հանելու առաջարկը, տեղեկութիւններ էին շրջանառւում, որ Վաշինգտոնի որոշման հետեւում Թուրքիայի կառավարութիւնն է: ՙ

«Վաշինգտոն փոստը» շեշտում է, որ մեծանում է լարւածութիւնը Միացեալ նահանգների եւ Թուրքիայի միջեւ՝ Սիրիայի հակամարտութեան կարգաւորման հարցում, եւ որ Ա.Մ.Ն.-ն ճնշումներ է գործադրում Անկարայի վրայ, որպէսզի վերջինս օգնի քուրդ զինեալներին իսլամիստների դէմ պայքարում:

Սակայն ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեաներից մէկը, որի անունը լրատւամիջոցը չի նշում, ասել է, թէ գորգի ցուցադրութեան մասին հիմա յայտարարութիւն անելը կապ չունի ընթացիկ իրադարձութիւնների հետ, քանի որ այն ցուցադրելու որոշումն ընդունւել է ամիսներ առաջ: