Աղբիւր՝ www.aztagdaily.com
Սփիւռքի նախարարութեան կազմակերպած Հայաստան-սփիւռք համաժողովի հազարից աւելի մասնակիցները բուռն ծափահարութիւններով ընդունեցին Մեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսի անսպասելի յայտարարութիւնն առ այն, որ կաթողիկոսարանը դատական հայց է ներկայացնելու թրքական դատական ատեանին` պահանջելով վերադարձնել 1915-1923-ի Ցեղասպանութեան ընթացքում իր գրաւած կալւածները: Վեհափառը բացատրեց, որ նախքան այս կարեւոր որոշման կայացումը` ինք վերջին երկու տարիների ընթացքում խորհրդակցել է միջազգային իրաւունքի մասնագէտների հետ:
Յայտարարելով, որ հայ ժողովրդի ոտնահարւած իրաւունքների նկատմամբ անտարբեր մնալը համազօր է ազգային դաւաճանութեան` կաթողիկոսը կոչ արեց հայերին՝ Ցեղասպանութեան հարցերը դուրս բերել Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման նեղ շրջանակներից եւ հեռու մնալ այն մտածելակերպից, թէ Ցեղասպանութեան ճանաչումը Հայ դատի վերջնական նպատակն է: Մեկնելով այն համոզումից, որ եկել է Թուրքիայից հայկական պահանջներն իրաւական դաշտ փոխադրելու ժամանակը, վեհափառը յայտարարեց, որ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը շուտով դատական հայց է ներկայացնելու Թուրքիայի Սահմանադրական դատարան` պահանջելով վերադարձնել իր պատմական կենտրոնը` Սիսի կաթողիկոսարանը: Կաթողիկոսն ասաց, որ եթէ թրքական դատարանը մերժի դատը, ինչ որ հաւանական է, ուստի կաթողիկոսարանը դիմելու է Մարդու իրաւունքների եւրոպական դատարան: Նա միաժամանակ յոյս յայտնեց, որ յիշեալ դատն անխուսափելիօրէն «դուռ է բանալու» մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու սեփական կալւածների վերադարձի թղթապանակին:
Թէեւ սա շատ լաւ լուր է բոլոր նրանց համար, ովքեր տարիներ շարունակ առաջարկում էին Թուրքիայի դէմ դատ բանալ, սակայն նման դատավարութիւններ պահանջում են մանրակրկիտ նախապատրաստական աշխատանք` բարձրակարգ միջազգային իրաւաբանների կողմից: Ի դէպ, անկախ այն բանից, թէ որքան արդար է մեր դատը, ոչ ոք չի կարող դրական արդիւնք երաշխաւորել դատարանից` հաշւի առնելով արտաքին տարբեր ազդեցութիւնները դատարանների վրայ եւ ընթացակարգերի օգտագործումն իբրեւ արդարացում 100 տարւայ վաղեմութիւն ունեցող գանգատը մերժելու համար:
Իր ելոյթի մէջ կաթողիկոսն ակնարկեց որոշ խոչընդոտների` ընդունելով, որ «միջազգային օրէնքներն այնքան էլ նպաստաւոր չեն մեր դատի համար»: Մտահոգիչ է այն, որ նա, կարծես թէ հաշւի չի առնում այսպիսի դատական մի գործ կորցնելու պարագային նրա կործանարար հետեւանքները Հայ դատի վրայ, պնդելով, որ` «եթէ դատը կորցնենք, դարձեալ յաղթանակած կը լինենք, որովհետեւ ցեղասպանին ու միջազգային հանրութեան գործնականօրէն յիշեցրած կը լինենք, որ հայ ժողովուրդը պահանջատէր է իր իրաւունքների նկատմամբ` անկախ նրանից, թէ քանի տարի է անցել Հայոց ցեղասպանութիւնից»: Թուրքիայի կառավարութիւնը, անշուշտ, շահարկելու է նման բացասական վճիռ` ամբողջ աշխարհում խեղաթիւրելով իր յաղթանակն իբրեւ Հայոց ցեղասպանութեան բոլոր պահանջների մերժում:
Կաթողիկոսարանի նախաձեռնութիւնից դուրս, վեհափառը կոչ արեց Հայաստանի կառավարութեան` Թուրքիայի դէմ իր սեփական հայցը ներկայացնելու Արդարադատութեան միջազգային դատարան (Համաշխարհային դատարան), որտեղ միայն պետութիւնները դատ բանալու իրաւունք ունեն: Անցեալ տարի, Սփիւռքի նախարարութեան կազմակերպութեամբ, հայ իրաւաբանների միջազգային համաժողովին ձեւաւորւեց աշխատանքային մի խումբ Հայաստանի հանրապետութեան Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանի գլխաւորութեամբ` ուսումնասիրելու Թուրքիայի դէմ Համաշխարհային դատարան հայց ներկայացնելու իրաւական հետեւանքները: Աշխատանքային խումբն ուսումնասիրում է Հայաստանի հանրապետութեան տրամադրելի զանազան իրաւական տարբերակները:
Հաշւի առնելով Հայաստանի կառավարութեան զգուշաւոր մօտեցումը՝ Թուրքիան դատի տալու հարցով` միանգամայն զարմանալի էր, որ Հայաստան-սփիւռք համաժողովի ընթացքում, երբ լրագրողը հարցում ուղղեց արտաքին գործոց նախարար Էդւարդ Նալբանդեանին, թէ ինչպէ՞ս է արձագանգում Կիլիկիոյ կաթողիկոսարանի կողմից Թուրքիայի դէմ դատական հայց ներկայացնելու լուրին, նա խանդավառ եւ առանց վարանելու պատասխանեց, որ` «դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Պէտք է միայն պաշտպանել նման կարեւոր նախաձեռնութիւնը»:
Հաճելի զուգադիպութեամբ, համաժողովի մասնակիցներին բաժանւեցին «Արդարացի լուծում. հատուցում Հայոց ցեղասպանութեան համար» խորագիրը կրող ծաւալուն զեկոյցի ամփոփագիրն ու ներածականը: Զեկոյցը պատրաստւել է Հայ յեղափոխական դաշնակցութեան սկզբնական ֆինանսաւորումով, Հայոց ցեղասպանութեան հատուցումը ուսումնասիրող խմբի կողմից, որի անդամներն են` Ալֆրեդ դը Զայասը, Ջերմէյն Օ. Մք-Քալբինը, Արա Պապեանը եւ Հանրի Թերիօն: Ջորջ Աղջայեանն եղել է խորհրդատու: Ծաւալուն զեկոյցը հատուցման հարցը քննարկում է իրաւական, պատմական եւ բարոյական տեսանկիւններից:
Պարզ է, որ Ցեղասպանութեան 100-ամեակի նախօրէին մի շարք լուրջ աշխատանքներ են տարւում` տարբեր դատարանների միջոցով արդարութիւն պահանջելու 1915-1923 Ցեղասպանութեան ընթացքու հայ ժողովրդի կրած հսկայական մարդկային եւ նիւթական կորուստների համար: