Աղբիւր՝ www.yerkir.am
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն Երեւանում կայացած Հայաստան-Սփիւռք հինգերորդ համաժողովի ընթացքում յայտարարել է, որ այս տարի դիմելու են Թուրքիայի Սահմանադրական դատարան` կաթողիկոսութեան Սիսի նստավայրը եւ նրան պատկանող կալւածները վերադարձնելու պահանջով: Անկարայից մերժում ստանալու դէպքում կաթողիկոսութիւնը դիմելու է Մարդու իրաւունքների եւրոպական դատարան:
Արամ Ա կաթողիկոսը, փաստօրէն, յայտարարել է Թուրքիայից նիւթական ու տարածքային հատուցման պաշտօնական եւ, ըստ էութեան, միջազգային մասշտաբ ընդգրկող պրոցես սկսելու մասին, ինչն աննախադէպ քայլ է հայոց պահանջատիրութեան անցած ողջ 100 տարիների կտրւածքով: Ինչպէս պարզաբանել է կաթողիկոսը, անցած երկու տարիներին աշխատանքներ են տարւել այդ պահանջների իրաւական հիմքերն ապահովելու համար:
Եթէ առաջիկայում կաթողիկոսութիւնը դիմի Թուրքիայի արդարադատութեանը, ապա Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցը զուտ ոգեկոչման եւ յիշատակութեան արարողակարգից կարող է տեղափոխւել հատուցման պահանջի իրաւունքի իրացման իրաւաքաղաքական գործընթացի շրջանակ, որից համառօրէն փորձում է խուսանաւել Անկարան, եւ որը, ըստ էութեան, դատական կարգով Ցեղասպանութեան ճանաչման եւ փոխ-հատուցման հասնելու իւրօրինակ քայլ է:
Կաթողիկոսութեան ներկայացւելիք հայցադիմումը Մ.Ի.Ե.Դ.-ի կողմից բաւարարւելու պարագայում պահանջատիրութիւնը ոչ միայն զուտ բարոյական կամ քաղաքական, այլեւ իրաւական լուրջ բազա է ունենալու, որն ահռելի ճնշում է լինելու ճանաչումն այս կամ այն պատճառաբանութեամբ մերժող պետութիւնների նկատմամբ: Սակայն եթէ կաթողիկոսութեան հայցադիմումը բաւարար իրաւական հիմնաւորւածութիւն չունենայ, ապա մեծ է լինելու Մ.Ի.Ե.Դ.-ում դրա տապալման հաւանականութիւնը, յատկապէս` եթէ հաշւի առնենք, որ Թուրքիան ձեռքերը ծալած չի նստելու:
Դա հզօր խաղաթուղթ կը լինի Անկարայի ձեռքում` «հիմնաւորելու» Ցեղասպանութեան ժխտման իր դիրքորոշումը, եւ ուժեղ գործիք կը դառնայ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման պրոցեսը կասեցնելու գործում: Հետեւաբար, դժւար է հաւատալ, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն կարող է հանդես գալ նման հաւակնոտ յայտարարութեամբ` առանց դրա հետեւանքները մինչեւ վերջ հաշւարկած լինելու:
Իրականում եկեղեցապատկան հարստութիւնների ու կալւածների վերադարձման նախաձեռնութիւնը միայն Արամ Ա Կաթողիկոսին կամ Կիլիկիոյ հայոց կաթողիկոսութեանը չի պատկանում: Նախորդ տարի այդ խնդիրը բարձրացւեց հայոց երկու կաթողիկոսութիւնների, այսինքն` նաեւ սուրբ Էջմիածնի կողմից, երբ Թուրքիային ուղղւած համատեղ յայտարարութեամբ հանդէս եկան Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսները: Նրանք Թուրքիայից պահանջում էին նախ ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, ապա ամբողջապէս հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների, մարդկային ու ազգային ոտնահարւած իրաւունքների դիմաց, ինչպէս նաեւ «անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպէս իրաւայաջորդ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալւածները եւ հոգեւոր-մշակութային արժէքները»:
Եւ չնայած թւում էր, թէ կալւածներն ստանալու դատաիրաւական գործընթաց սկսելուն Ս. Էջմիածինն եւս պետք է մասնակցէր, դա, փաստօրէն, տեղի չի ունենում, ինչը պահանջատիրութեան միասնականութեան խաթարման դրսեւորում է: Չի բացառւում, սակայն, որ սա պայմանաւորւած է տակտիկական նկատառումներով: Նախ` Կիլիկիայի կաթողիկոսութեան կողմից միակողմանի հայց ներկայացնելը, այն էլ միայն Սիսի նստավայրի ու դրա կալւածների մասով, հնարաւորութիւն է տալիս գործադրել փուլային պայքարի մեթոդը, որտեղ այս գործը նախադէպային նշանակութիւն է ունենալու: Եթէ նոյնիսկ նախաձեռնութիւնը տապալւի, ապա դեռ հնարաւորութիւն կը լինի պահանջները վերաձեւակերպելու եւ կրկին ներկայացնելու` արդէն Ս. Էջմիածնի կողմից` հաշւի առնելով պահանջը չբաւարարելու համար Եւրադատարանի կողմից բերւելիք բոլոր փաստարկները, առաջին փորձի ժամանակ թոյլ տրւած սխալները: Իսկ յաջողելու դէպքում Մ.Ի.Ե.Դ.-ն ինքը նախադէպ կունենայ` բաւարարելու նաեւ Ս. Էջմիածնի պահանջները: Միւս կողմից` Անկարայի ընկալմամբ Արամ Ա-ն եւ Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը մարմնաւորում են պահանջատէր Սփիւռքը, որի դէմ Թուրքիան քաղաքական լծակներ չունի: Իսկ ահա Ս. Էջմիածինը` հիմնականում Հայաստան պետութիւնը` հաշւի առնելով նստավայրը Հայաստանում գտնւելու եւ կաթողիկոսութեան` իշխանութիւնների հետ առաւել քան սերտ յարաբերութիւններ ունենալու իրողութիւնը: Եթէ նախաձեռնութիւնը ցուցաբերւէր երկու կաթողիկոսների կողմից համատեղ, Թուրքիան դա կարող էր առիթ դարձնել Հայաստանին մեղադրելու իր նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու մէջ: Դրա նախադէպը կայ:
Նախորդ տարի նիւթական եւ տարածքային փոխ-հատուցման խնդիրը բարձրացրեց այն ժամանակ Հ.Հ. գլխաւոր դատախազ Աղւան Յովսէփեանը` Երեւանում կայացած «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ» համաժողովի շրջանակներում: Յիշեցնենք` այն ժամանակ Յովսէփեանը բառացիօրէն ասել էր, թէ, իր համոզմամբ, Ցեղասպանութեան զոհերի ժառանգները պէտք է նիւթական փոխ-հատուցում ստանան, հայ եկեղեցուն պէտք է վերադարձւեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները եւ եկեղեցապատկան հողերը, իսկ Հայաստանը պէտք է ստանայ իր կորցրած տարածքները:
Թուրքիայի արտգործնախարարութիւնն անմիջապէս արձագանքել էր դրան` յայտարարելով, թէ Հայաստանի գլխաւոր դատախազի յայտարարութիւնն արտացոլում է Թուրքիայի տարածքային ամբողջականութեան եւ հայ-թուրքական յարաբերութիւնների վերաբերեալ Հայաստանի իշխող շրջանների դիրքորոշումը. «Բոլորը պէտք է հասկանան՝ որեւէ մէկը Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք չունի»,- յայտարարել էր Թուրքիայի Ա.Գ.Ն.-ն:
Այս կոշտ արձագանքը հայկական կողմին կարող էր դրդել որոշակի զգուշաւորութեան, մանաւանդ, որ, օրակարգից չհանելով հայ-թուրքական այդ չարաբաստիկ արձանագրութիւնները, պաշտօնական Երեւանը չի հրաժարւում դրա շրջանակում մերձեցման քաղաքականութիւնը շարունակելու փորձերից: Եւ դա` նոյնիսկ հայկական Քեսաբի հայաթափումն ու աւերումը Թուրքիայի կողմից հովանաւորելուց, հիմա էլ արդէն Անկարայի ֆինանսական աջակցութիւնից օգտւող Ի.Լ.Ի.Պ. ահաբեկչական խմբաւորման ձեռքերով Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին` Հայոց ցեղասպանութեան խորհուրդը կրող այդ սրբատեղին վայրենաբար պայթեցնելուց յետոյ: Իսկ գուցէ նման կեցւածքի իրական պատճառը Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին Էրդողանին Երեւանում անպայման տեսնելու ակնկալի՞քն է...
Գէորգ Դարբինեան