Յանձնաժողովի Հինգերորդ Ժողով
(7-8 մայիս 2013, Մայր Աթոռ Ս. Էջմիածին)
2013 թւականի մայիսի 7-ին եւ 8-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարւեց Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցի շուրջ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու Յանձնաժողովի հինգերորդ ժողովը: Ժողովին ներկայ էին.
- Գերշ. Տ. Եզնիկ արքեպս. Պետրոսեանը (Համաատենապետ, Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւն)
- Գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգիսեանը (Համաատենապետ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն)
- Գերշ. Տ. Նաթան արքեպս. Յովհաննիսեանը (Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւն)
- Գերշ. Տ. Մուշեղ արքեպս. Մարտիրոսեանը (Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն)
- Գերշ. Տ. Վազգէն եպս. Միրզախանեանը (Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւն)
- Գերշ. Տ. Արմաշ եպս. Նալպանտեանը (Ատենադպիր, Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւն)
- Գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանը (Ատենադպիր, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն)
Ժողովից բացակայում էր գերշ. Տ. Անուշաւան եպս. Դանիէլեանը (Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն):
Յանձնաժողովն իր աշխատանքներն սկսեց առաւօտեան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիւանատան ժողովասրահում՝ աղօթքով: Ատենապետ Սրբազան Հայրերը բարի գալուստ մաղթեցին Յանձնաժողովի անդամներին, ապա փոխանցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Վեհափառ Հայրապետների օրհնութիւնները եւ բարեմաղթանքները՝ Յանձնաժողովի աշխատանքների կապակցութեամբ:
Ժողովականները վերանայեցին նախորդ շրջանում կատարւած աշխատանքները եւ նրանց հիման վրայ եզրայանգումների եկան: Նկատի ունենալով Վեհափառ Հայրապետների յանձնարարականը, ժողովականներն զբաղւեցին Մեծ Եղեռնի ընթացքում նահատակների սրբադասման հարցով, յետագային թողնելով Մեծ Եղեռնից առաջ, նախկին դարերի հայ նահատակների սրբադասման հարցը:
Ժողովն իր աշխատանքներն աւարտեց չորեքշաբթի՝ 8 մայիս 2013-ի երեկոյեան:
Հինգշաբթի առաւօտ, Համբարձման տօնի օրը, որ զուգադիպւեց յաղթանակի օրւայ տօնակատարութեանը, ժողովի անդամները ներկայ եղան Երեւանի Յաղթանակի յուշարձանի մօտ տեղի ունեցող տօնակատարութեանը:
Յանձնաժողովի Դիւան
8 Մայիս 2013, Մայր Աթոռ Ս. Էջմիածին