Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնն ուշի ուշով հետևել է Յունաստանի խորհրդարանում Ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնող օրինագծի նախապատրաստման և դրա ընդունման գործընթացին` մշտապէս կոչ անելով յունական իշխանութիւններին ցուցաբերել անհրաժեշտ զգայունութիւն հարցի նկատմամբ:  

Ինչպէս հաղորդում է "Արմենպրեսը"` վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ պաշտօնական կայքը, այս մասին յայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խօսնակ Թանժու Բիլգիչը: Նա ընդգծել է, որ թուրքական կողմը յատկապէս ուշադրութիւն է դարձրել Յունաստանի խորհրդարանի սեպտեմբերի 5-ի նիստի ժամանակ արւած այն յայտարարութեանը, որ օրինագիծը չի լինելու արտաքին քաղաքականութիւն ձևաւորող տարր և չի թիրախաւորելու ոչ մի երկրի` այդ թւում և Թուրքիային:

  ԱԳՆ խօսնակը յաւելել է, որ իրենք ուշի ուշով հետևելու են օրէնքի կիրառմանը, որը, թուրքական կողմի համոզմամբ, "դէմ է ժողովրդավարութեան սկզբունքներին և ժողովրդա-վարութեան սկիզբ համարւող խօսքի ազատութեանը":   Այդուհանդերձ, Բիլգիչը նշել է, որ իրենք մեծ ակնկալիքներ կունենան, որպէսզի յետագայում արդէն այդ օրէնքի շրջանակում պատիժ սահմանւի Արևմտեան Թրակիայի թուրք փոքրամասնութեան, ինչպէս նաև Ռոդոսում և Իսթանքյոյում իրենց քաղաքացիների նկատմամբ հնչող խտրական և ռասիստական գործողութիւնների ու խօսքերի համար:  Յունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծ: Օրինագիծը նախատեսում է 6 ամսից մինչեւ 3 տարւայ ազատազրկում և 10.000 - 30.000 եւրօ տուգանք Յունաստանի կողմից պաշտօնապէս ճանաչւած ցեղասպանութիւնները ժխտողների նկատմամբ: Այսպիսով, Յունաստանը երրորդ պետութիւնն է, Շւեյցարիայից եւ Սլովակիայից յետոյ, որ քրէականացրել է Հայոց ցեղասպանութեան ժխտումը: