Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամաւոր Վալերի Բուայէն նոր օրինագիծ է ներկայացրել, որը նախատեսում է քրէական պատիժ սահմանել 20-րդ դարի ցեղասպանութիւններն ու մարդկութեան դէմ յանցագործութիւնները ժխտողների համար: Ընդ որում Բուայէնը նշել է, որ Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի շեմին Ֆրանսիայում չկայ ցեղասպանութեան ու մարդկութեան դէմ կատարւած ոճիրների համար նախատեսւած պատիժ, բացառութեամբ Հոլոքոսթի, յայտնում է Nouvelles d'Arménie-ին:

Նա նաեւ յաւելել է, որ Ֆրանսիան պաշտօնապէս ճանաչել է երկու ցեղասպանութիւն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանութիւնը, սակայն պատժելի է միայն Հոլոքոսթի ժխտումը:

Բուայէն վստահ է, որ այդ ոչ-արդարացի իրավիճակը շտկման կարիք ունի: Ֆրանսիացի պատգամաւորը նշել է նաեւ, որ ցեղասպանութիւնների ժխտման համար պատիժը շատ արդիական է Իրաքում քրիստոնեաների հալածանքների պարագայում:

«Հարկաւոր է ընդունել մի օրէնք, որը կառաջարկի ժխտման նոր որակում: Ես առաջարկում եմ, որ ժխտումն օրէնքում առաջիկայում դիտարկւի ոչ թէ որպէս ազատ արտայայտման սահմանափակում, այլ յանցագործութիւն մարդկութեան դէմ: Դա երկու առաւելութիւն ունի՝ թոյլ կը տա մի կողմից դուրս գալ այն փակուղուց, որն առաջացաւ Սահմանադրական խորհրդի կայացրած որոշման հետեւանքով, իսկ միւս կողմից էլ իրաւական առումով կը կարողանայ պաշտպանել ցեղասպանութիւնների մասին արդար յիշողութիւնը»,- ասել է խորհրդարանականը: