Աղբիւր՝ www.hyeli.com

 

Թուրքիայի իշխանութիւնները մտադիր չեն բաւարարւել Հայոց ցեղասպանութիւնը սեփական երկրում ժխտելով, այս մասին յայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդը՝ դատապարտելով վերջին շրջանում Անկարայում գործող եւրասիական հետազօտութիւնների կենտրոնի կողմից Ֆրանսիայի տարբեր համալսարաններում ու հաստատութիւններում տարածւող «1915 թւականի դէպքերը եւ հայ-թուրքական հակասութիւնները պատմութեան վերաբերեալ» գրքոյկը:

Ինչպէս հաղորդում է News.am-ը, թէեւ այդ գրքոյկում նշւում է «արդար յիշողութեան» միջոցով «հայերի եւ թուրքերի հաշտեցման» ձգտման մասին, իրականում առաջ է քաշում ապակողմնորոշող փաստարկներ ի օգուտ ցեղասպանութեան ժխտման, որպէսզի արդարացնի երիտթուրքերի կառավարութեան առաջնորդներին եւ մէկ հարթութեան վրայ դնի «հայերի եւ թուրքերի տառապանքները» Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդը Ֆրանսիայի իշխանութիւններին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Ֆրանսիայում յիշողութեան սպանութիւն իրականացնողների դէմ պայքարում, ինչպէս նաեւ օրինագիծ նախաձեռնել, որը թոյլ կը տայ իրաւական միջոցներով պայքարել յանցագործութեան այդ նոր տեսակի դէմ: