Աղբիւր՝ www.asbarez.com
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 3-ին ընդունել է Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելութիւնը եւ նրա հետ հանդիպումից յետոյ յայտարարել է, որ Թուրքիան որքա՛ն ուժեղ լինի, այնքան էլ Ադրբեջանն ինքն իրեն ուժեղ է զգալու։ Ալիեւը նաեւ ուրախութիւն է յայտնել, որ Էրդողանն եկել է իրեն «հարազատ Ադրբեջան»-ը։ Նա յատուկ շնորհակալութիւն է յայտնել Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշման սատարելու համար, եւ իր կարգին Թուրքիային խոստացել է սատարել Հայոց ցեղասպանութեան հարցում Թուրքիայի ուրացման ջանքերին։
Ալիեւը նաեւ յոյս է յայտնել, որ թուրք-ադրբեջանական անդրանատոլական գազատարի նախագիծը որոշւած ժամանակամիջոցին իրագործւելու է։
Թուրքիայի նախագահն իր կարգին յայտարարել է, որ Ալիեւի հետ հանդիպման «օրակարգի հիմնական հարցը մնում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը»։ Նա նշել է, որ Ալիեւի հետ «այդ ուղղութեամբ հետագայ քայլերը քննարկել է»։
Երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցութեանն ակնարկելով՝ Էրդողանը յայտարարել է, որ Թուրքիան մտադիր է Ադրբեջանի հետ տարեկան առեւտրա-շրջանառութեան ծաւալը հասցնել 15 միլիառդ դոլարի։ «Մենք երկու պետութիւն, մէկ ազգ ենք, սա Հայդար Ալիեւի ժառանգութիւնն է»,- նշել է Էրդողանը։
Նաեւ, ադրբեջանական «Թրենդ» լրատու գործակալութիւնը հաղորդում է, որ Էրդողանը յայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներառւելու է Ն.Ա.Թ.Օ.-ի վեհաժողովի օրակարգի վրայ։
Ըստ Էրդողանի՝ վեհաժողովի ընթացքում Թուրքիան մտադիր է յիշեցնել դաշինքի կողմից Ադրբեջանին տրւած խոստումների կատարման կարեւորութիւնը։ «Դա Ադրբեջանի իրաւունքն է. երկրին տրւած խոստումները պէտք է կատարւեն։ Թուրքիան պատրաստ է այդ հարցի մէջ վճռականութիւն ցուցաբերել»,- ասել է Էրդողանը։ Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցը առաջնահերթութիւն է Թուրքիայի համար, եւ երկրների միջեւ երկկողմանի յարաբերութիւնների մակարդակի ցուցանիշ։ «Հայ-թրքական յարաբերութիւնները կարգաւորւելու են միայն ղարաբաղեան տագնապի լուծումից յետոյ»,- ասել է Էրդողանը։
Յայտնենք, որ Ն.Ա.Թ.Օ.-ի վեհաժողովը տեղի է ունենալու սեպտեմբերի 4-5-ին, Գալեսի մայրաքաղաք Քարդիֆում։