Աղբիւր՝ www.hyeli.com

 

Ֆրանսահայ նկարիչ Արմէն Ռոչը նպատակ ունի ստեղծել արւեստի հսկայական մի գործ, որը կը նւիրւի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին։ Նա հաւաքում է թէյի օգտագործւած եւ չորացւած փաթեթիկներ, որոնցից իւրաքանչիւրը դառնում է իր ստեղծագործութեան մասնիկը։ Bravo.am-ի հետ զրոյցում նկարիչը նշել է, որ տեւական ժամանակ է` աշխատում է թէյի ծրարիկներով, սակայն այն, ինչ պատրաստում է այժմ, առաւել մեծ խորհրդաւորութիւն եւ նշանակութիւն ունի իր համար։

Ստեղծագործութիւնը կերտելու համար հարկ կը լինի հաւաքել 1,500,000 թէյի փաթեթիկ մինչեւ գալիք տարւայ սկիզբ, կամ 2,000-ից 4,000 փաթեթիկ` մէկ օրում. «Թւում է` անհնարին առաքելութիւն է, սակայն հէնց այսքան մարդ է կոտորւել այդքան քիչ ժամանակահատւածում թուրքերի կողմից»,- հաւելել է նա։

Վերացապաշտական (աբստրակտ) ոճում ստեղծագործող նկարիչը 2015 թւականին կը ներկայացնի կերպարւեստական մի աշխատանք, որը ճանաչելու, յիշողութեան եւ յարգանքի կոչ է, նաեւ խոնարհումի ու մեծարման տուրք։ Արւեստագէտը յոյսով է, որ տարբեր երկրներից հազարաւոր մարդիկ իրենց մասնակցութեամբ կոգեկոչեն Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը` հաւաքելով ու «գրանցելով» իրենց համերաշխութիւնը իւրաքանչիւր թէյածրարիկի հետեւում. «Ամէն մի ծրարիկ իր պատմութիւնն ունի` պարուրւած մարդկային շնչով եւ ներկայութեամբ: Այս ենթատեքստում տեսանելի են հազարաւոր փոքր ու նման պատմութիւններ, որոնք, դրւելով կողք-կողքի, վերածւում են հաւաքական պատմութեան»:

Արդէն 18 հազարից աւելի նմուշ է հաւաքւել. ամենատարբեր ազգութիւնների եւ նախասիրութիւնների տէր մարդիկ ուղարկում են ծրարիկները կամ հէնց նրա տուն բերում։ Նկարչի կինը` Ջիլդա Գեղամեանը, զբաղւում է արւեստի մասնիկ դարձող այս ծրարիկների հաւաքմամբ, պահպանմամբ եւ ծրագրի համակարգմամբ։ Նա բազմիցս դիմել է ֆրանսիական պետական հաստատութիւնների` իրենց գործը ներկայացնելու նպատակով տեղ յատկացնելու համար, սակայն դեռ յստակ չէ, թէ որտեղ է լինելու ցուցադրութիւնը։

Արմէն Ռոչն արդէն պատկերացնում է, որ այս իւրօրինակ նիւթով կը փորձի քարանձաւատիպ տարածք ստեղծել. «Խորհրդաւոր եւ կենդանի վայր կը լինի, իւրաքանչիւր մասնիկ մի զոհի կեանք է մատնանշելու, իսկ թէյածրարներից կախւած թելերը քամու օգնութեամբ նրանց շունչը կը դառնան»։
Իր ստեղծագործութեամբ, սակայն, նա մտադիր չէ բացասական մթնոլորտ ստեղծել, հակառակը` սա մի բաժակ թէյի շուրջ զրոյցի հրաւէր է։ Դեռ վաղուց թէյն ու թէյախմութիւնը նկարչի համար հետաքրքիր առանձին աշխարհ են, դրա հետ կապւած աւանդոյթներն ու սովորոյթները տարբեր ազգերի համար կարող են տարբեր լինել, բայց բուն իմաստը մէկն է` թէյն իր շուրջ է համախմբում մարդկանց եւ ջերմութիւն հաղորդում նրանց սրտերին ու մտքերին։ Ահա այսպիսի երկխօսութեան, մտերմիկ եւ ընկերական զրոյցի պակաս է նկատում մեր զրուցակիցը, որը կարող է լուծել ազգերի միջեւ ծառացած խնդիրները։ Այս անսովոր նիւթով աշխատելիս նա դրանում տարբեր իմաստներ է տեսնում` ծրարիկները յաճախ ասոցացնելով մետաքսի հետ։ Օգտագործում է նաեւ դրանց պարունակութիւնը` չորացած թէյը դարձնելով մոխրին կամ փոշուն փոխարինող նիւթ։

Թէյի ծրարիկը բաժակի մէջ դնելով էլ Արմէն Ռոչը սկսում է իր օրը. առաւօտեան շատ վաղ արթնանալով` մտնում է խոհանոց եւ թէյ պատրաստում։ Հէնց այդ պահից էլ սկսում են նրա ստեղծագործական պրպտումները թէյի արւեստն օգտագործելու, այն իր արւեստում ընդգրկելու շուրջ։ Ծրարիկներն ընդունւում են բոլորի կողմից եւ ցանկացած երկրից, այնպէս որ, դուք էլ կարող էք ձեր մասնակցութիւնն ունենալ եւ հարստացնել Արմէն Ռոչի ստեղծագործութիւնը։