Աղբիւր՝ www.asbarez.com
«Համաշխարհային Ա պատերազմի 100-ամեակը» խորագրով ձեռնարկի ընթացքում արտասանւած Գերմանիայի Բունդեսթագի (խորհրդարանի) նախագահ Նորբերթ Լամերթիի ելոյթն անհանգստացրել է Անկարային:
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն այդ կապակցութեամբ յատուկ նամակ է յղել Լամերթին՝ իր մտահոգութիւնը յայտնելով վերջինիս խօսքերի առնչութեամբ: Ըստ թրքական «Հաբերլեր» կայքի, Չիչեքը քննադատել է յատկապէս Բունդեսթագի նախագահի հետեւեալ յայտարարութիւնը. «Հայերի աքսորն ու ոչնչացումը, նրանց տեղահանութիւնն ու զանգւածային սպանութիւնը վերածւել էին պատերազմական գործիքի»:
Իր նամակում Չիչեքը կրկնել է, թէ «հայերի տեղահանութիւնը պատերազմական պայմանների հետեւանքով է եղել, եւ այդ պատճառով էլ, այն կարելի չէ աքսոր կամ զանգւածային սպանութիւն նկատել», աւելացնելով, որ պատերազմը «թէ՛ հայերի, թէ՛ թուրքերի համար մեծ ցաւերի մի ժամանակաշրջան է եղել»:
Անդրադառնալով Լամերթի խօսքերին՝ Չիչեքը կոչ է արել Գերմանիային «անկողմանակալ վերաբերմունք ցուցաբերել», եւ փափագ է յատնել այս հարցի մանրամասնութիւնները քննարկել իրենց յաջորդ հանդիպման ընթացքում: